ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի աֆրոամերիկացիների պատմական եկեղեցում կրակոցների հետևանքով 9 մարդ է զոհվել:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան տեղի ունեցած հարձակումը քաղաքի ոստիկանապետը որակել է «ատելության հողի վրա կատարված հանցագործություն»:
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 21-ամյա սպիտակամորթ տղամարդ է, ով կրակոցներն արձակելուց հետո փախուստի է դիմել և դեռևս հայտնաբերված չէ:
Զոհվածներից ութի դիերը եղել են եկեղեցում, մեկը մահացել է հիվանդանոցում: Եվս մեկ անձ վիրավորվել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվում:
Ոստիկանապետը հայտնել է նաև, որ կրակոցների պահին եկեղեցում հավատացյալներն աղոթում էին: