Ռուսաստանում սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ավագ դուստրը՝ 31-ամյա Ժաննա Նեմցովան հեռացել է երկրից, հայտարարելով, որ կրեմլյան քարոզչության պատճառով Ռուսաստանում ատելության մթնոլորտ է ստեղծվել:
«Ռուսական պրոպագանդան սպանում է», - նախօրեին "Ведомости"-ում հրապարակած իր բաց նամակում գրել է Ժաննա Նեմցովան՝ նշելով․ - «Պուտինի ինֆորմացիոն մեքենան նույնն է, ինչ նացիստական Գերմանիայում կամ Ռուանդայում՝ օգտագործել պրոպագանդայի քրեական մեթոդներ և ձևավորել բռնություններ ու տեռոր ծնող ատելության մթնոլորտ»:
Նեմցովան, ով լրագրող է հիմնականում բիզնես լուրեր հեռարձակող РБК հեռուստաընկերությունում, զգուշացրել է, որ պետական մամուլով տարածվող՝ այլախոհների դեմ ագրեսիան կարող է դուրս գալ վերահսկողությունից, և ապագայում նոր զոհեր լինեն:
«Ատելությամբ ներարկված մարդիկ սկսում են նոր քրեական հանցագործությունների դիմել իրենց սեփական նախաձեռնությամբ», - զգուշացրել է Նեմցովան:
Նրա փաստաբանը France-Presse-ին ասել է, որ Ժաննա Նեմցովան Ռուսաստանից հեռացել է Եվրոպա:
«Հիմա նա դրսում է», - ասել է փաստաբան Վադիմ Պրոխորովը՝ հավելելով․ - «Կարծում եմ, մոտ ապագայում նա չի ցանկանա վերադառնալ»:
Պրոխորովը, մատնացույց անելով ընդդիմադիր ակտիվիստների դեմ բռնաճնշումները, նշել է, որ երիտասարդ կնոջ համար Ռուսաստանում մնալը վտանգավոր էր, «հատկապես՝ տեռորի ստեղծված մթնոլորտում», ասել է փաստաբանը՝ ընդգծելով, որ նրա հոր՝ Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուները, կազմակերպիչները մինչև հիմա ազատության մեջ են:
France-Presse-ի կարճ հաղորդագրությանը Ժաննա Նեմցովան պատասխանել է, թե իր փաստաբանը ճիշտ է, բայց հրաժարվել է իր ծրագրերի մասին հայտնել: «Դա իմ անձնական կյանքն է», - ասել է նա:
Բորիս Նեմցովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենախիստ քննադատներից մեկը, սպանվեց այս տարի փետրվարին Կրեմլին մոտ գտնվող կամրջի վրա: Նա 55 տարեկան էր: Իշխանությունները ազգությամբ չեչեն հինգ մարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են ընդդիմադիր գործչի սպանության մեջ: