Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող քաղաքապետի թեկնածուները նախնական արդյունքներով հաղթել են Հայաստանի երեք քաղաքներում անցկացված ընտրություններում։
Քաղաքապետի պաշտոնի երեք հավակնորդներն էլ համայնք ղեկավարելու փորձ չունեն։
Կիրակի անցկացված ընտրությունների արդյունքներով Աբովյանում քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավոր, ԲՀԿ-ի և իշխող ՀՀԿ-ի աջակցությունը վայելող անկուսակցական Վահագն Գևորգյանը՝ ստանալով ձայների մոտ 60 տոկոսը կամ 6193 քվե։
Գևորգյանի հիմնական մրցակից, Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանը, ով լարված հարաբերությունների մեջ է Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող Ծառուկյանի հետ, ստացել է ձայների մոտ 31 տոկոսը։
Արտաշատում միակ թեկնածուի՝ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանի օգտին քվեարկել է ավելի քան 10 հազար ընտրող կամ քվեարկածների 99 տոկոսը։
Ալավերդիում առավել թվով ձայներ է ստացել Հանրապետական կուսակցության թեկնածուն՝ 44-ամյա Կարեն Փարեմուզյանը։ Նրա օգտին քվեարկել է ավելի քան 5000 ընտրող։ Նրա մրցակից, անկուսակցական Արթուր Աբգարյանը ստացել է ավելի քան 3500 ձայն։ Փարեմուզյանը «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ ընտրվելուց հետո հնարավոր է համալրի իրեն սատարած ՀՀԿ-ի շարքերը։
«Եթե պետք լինի քաղաքին իմ կուսակցական լինելը, ես պատրաստ եմ։ Սատարող ուժը իրենք են, երևի գնահատել են իմ աշխատանքը, անցած ուղին, դրա համար են սատարել»,- ասաց նա։
Իշխանական թեկնածուն պնդում է, թե ինքն ու իր թիմը կոռեկտ քարոզչություն անցկացրեցին՝ առանց խախտումների։ Մինչդեռ Փարեմուզյանի մրցակից Արթուր Աբգարյանը քվեարկության օրը ահազանգեց ընտրախախտումների մասին։ Նրա նախընտրական շտաբի ղեկավար Արա Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մրցակցի թիմը կիրառեց վարչական ռեսուրսները, մասնավորապես, քարոզարշավի ժամանակ նրանք ահազանգեր են ստացել ալավերդցիներից, բայց չեն կարողացել ճշտել դրանց իսկությունը։
«Բոլոր ալավերդցիներին, այնպես էլ ինձ լուրեր են հասել և նպաստը կտրելու, և տները հոսանքազրկելու, և վարչական լծակները օգտագործելու մասին՝ ձայն կորզելու համար»,- ասաց Թովմասյանը։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով կիրակի Ալավերդիում էր, «Ազատության» հետ զրույցում հերքեց բոլոր մեղադրանքները, սակայն խոստովանեց, որ չէր կարող չեզոք մնալ։
«Հակառակը՝ ակտիվ մասնակցել եմ ընտրական քարոզարշավին, իհարկե, օրենքով սահմանված կարգով»,- ասաց մարզպետը։
Քաղաքապետի ընտրությունը ալավերդցիներին բաժանել է երկու մասի. մարզպետը դա նորմալ է համարում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հաջորդող օրերին լարվածությունն արդեն մարած կլինի։
«Ազատության» հետ զրույցներում ալավերդցիներն ասում էին, որ ամենամեծ խնդիրը աշխատանքն է՝ իրենց նախընտրած թեկնածուից հենց դա են սպասում: Ընտրողներից մեկն էլ, չցանկանալով հրապարակել նախընտրած թեկնածուի անունը, համոզված ասում էր, թե հենց նա կընտրվի ու կլուծի քաղաքի խնդիրները: Չնայած համոզվածությանը՝ ալավերդցի ընտրողն ասաց, թե ոչ մասնակցել է թեկնածուների նախընտրական հանդիպումներին և ոչ էլ ծանոթ է նրանց ծրագրերին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք քաղաքներում անցկացված քվեարկություններն անվավեր ճանաչելու և վերահաշվարկի դիմումներ չի ստացել։