«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի ներկա ու նախկին դաշնակիցների մրցապայքարը Աբովյանի քաղաքապետի աթոռի համար արտաքուստ թեև հանգիստ մթնոլորտում էր ընթանում, այդուհանդերձ, «Ազատության» այցելած մոտ մեկ տասնյակ ընտրատեղամասերում որոշակի լարվածություն նկատելի էր:
Առավոտից գրեթե ամենուր ընտրողների կուտակումներ էին, հերթեր ընտրատեղամասերի դռների մոտ: Քվեարկողներին ընտրելու էին բերում ինչպես Ծառուկյանին պատկանող 8-երով վերջացող համարանիշներով ավտոմեքենաները, այնպես էլ «Կինգ Դելյուքս» գրությամբ տաքսիները, որոնք «Պալաչ» մականունով հայտնի թեկնածու Արթուր Հարությունյանին են պատկանում:
«Ասպարեզ» ակումբի դիտորդ Անահիտ Սիմոնյանը իր ընտրատեղամասի բակ նույն մեքենաների մուտքուելքն արձանագրել էր մի քանի անգամ։ «Այստեղ երկու ոստիկան միշտ կանգնած են ընտրատարածքի (ընտրատեղամասի) մոտ, ընդհանրապես չեն միջամտում, բայց զգացվում էր, որ էդ մեքենաները երկար ժամանակ չէին հեռանում ընտրատարածքի մոտից, և արդեն պարզ հասկանալի էր, թե ինչի համար», - փոխանցեց դիտորդը։
Թիվ 28/22 տեղամասի հանձնաժողովի նախագահ Գեղամ Ասատրյանը, սակայն, պնդում էր, որ չի կարող վերահսկել բակում տեղի ունեցողը։ «Դրսի պատասխանատվությունը մեզ վրա չի՝ դրա համար կա ոստիկանություն, համապատասխան աշխատանքներ կատարողներ, պատասխանատվությունը նրանց վրա է», - ասաց Ասատրյանը։
«Ազատության» հարցին՝ դիմե՞լ են ոստիկաններին, հանձնաժողովի նախագահը արձագանքեց. - «Ոստիկանները նոր մեքենաները հանեցին մի քիչ առաջ էստեղից, ուրիշ ես պրոբլեմ չեմ զգացել դեռ»։
Գրեթե բոլոր տեղամասերը տևական ժամանակ հսկում էին թանկարժեք մեքենաների տերերը՝ թիկնապահի կազմվածքով երիտասարդներ։ «Ազատության» հարցերին նրանք պատասխանում էին, թե սպասում էին իրենց հերթին, թե իրենց շենքն է՝ կանգնել են դիմացը, ընկերոջ են սպասում և այլն։
Շփոթեցնելու հնարքն աշխատեց
Հարևան տեղամասում դժգոհում էր Արթուր Հարությունյանի վստահված անձը. ինչ-որ մարդիկ պարբերաբար մեծահասակ ընտրողների էին բերում, ուղղորդում՝ ինչպես քվեարկել։
Աբովյանի մեկ այլ ընտրատեղամասում ծերերի տուն-ինտերնատի տնօրենն էր անձնագրերի տրցակով իր խնամակալներին բերել քվեարկելու: Մեծահասակները չէին էլ թաքցնում, որ իրենց ասել են՝ քվեարկել չորրորդ համարի՝ Արթուր Հարությունյանի օգտին։
Աշխատել էր շփոթեցնելու հնարքը. քվեաթերթիկում հանդիպելով նույն անուն, ազգանուն, հայրանունով երկու թեկնածուի՝ ընտրողները չէին կողմնորոշվում, թե որ Արթուր Հարությունյանի օգտին է պետք քվեարկել։
Հիշեցնենք՝ Արթուր Հարությունյան անուն-ազգանունով մյուս թեկնածուն այդպես էլ հանրության առջև չհայտնվեց:
Աբովյանի 26 ընտրատեղամասերից 18-ի նախագահները կա՛մ իշխող Հանրապետական, կա՛մ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամներ են՝ սատարելով Ծառուկյանի մերձավոր Վահագն Գևորգյանին։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը տեղամասային երկու հանձնաժողով է ղեկավարում, նախագահներից մեկը փոխանցեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ի երբեմնի գործընկեր Կոնգրեսը շահագրգռված չէ այս քվեարկության արդյունքներով: Փոխարենը՝ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը մտահոգված էր, որ նոր տեսակի անձնագրերի վրա հնարավոր չէ կնիք դնել, կա բազմակի քվեարկության վտանգ. - «Այդ կնիքները էդ քարտերի վրա հնարավոր էլ չի դնել, որ ջնջեն, չենք կնքում պարզապես։ Հիմա ուրեմն ամեն ինչ էլ հնարավոր է»։
Երկու թեկնածուների թիմերը վստահ են՝ հաղթանակն իրենցն է
Իրենք` հիմնական երկու թեկնածուները, քվեարկության օրը լռում էին, երկուսն էլ հրաժարվեցին ընտրախախտումների մասին բարձրաձայնել, միայն վստահեցնելով մոտալուտ հաղթանակի մասին։
Արթուր Հարությունյանի շտաբի համակարգող Արթուր Նազարյանը այսօր արդեն չէր կրկնում իրենց թեկնածուի հնչեցրած մտահոգությունները հնարավոր ընտակեղծիքների վերաբերյալ։ «Միանշանակ հաղթանակ, միանշանա՛կ։ Չկա երկրորդ տարբերակ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Նազարյանը, իսկ հիշեցմանը, որ հենց իրենց թեկնածուն ուներ մտահոգություններ, արձագանքեց. - «Կարծում եմ՝ կանցնի իր մոտ։ Որ շնորհավորենք 20:00-ից հետո, կարծում եմ՝ ամեն ինչ կընկնի իր տեղը»։
Վահագն Գևորգյանի շտաբում նույնպես պատրաստվում էին հաղթանակ նշելուն՝ կեղծիքների մասին անգամ լսել չցանկանալով։ «Էն որ մենք հաղթելու ենք՝ դրանում կասկած չկա։ Որովհետև քարոզարշավի ժամանակ ժողովուրդը, ժողովրդի արձագանքը հանդիպումների հետ կապված մեզ ապացուցում է, որ մեր թեկնածուին ուզում են», - ասացին։
Քվեարկությունը ավարտվել է ժամը 20-ին, ժամը 17-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների մոտ 34 տոկոսը: