Իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում կտրուկ վատացել է: Հակամարտող կողմերը խոսում են մարտական գործողությունների հետևանքով սպանվածների և տասնյակ վիրավորների մասին:
Այս ֆոնին Եվրամիությունը պատրաստվում է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, պատժամիջոցներն առաջիկա շաբաթներին երկարաձգվելու են մինչև եկող տարվա հունվարի վերջ:
«Այսպիսով Բրյուսելը մտադիր է ստիպել Ռուսաստանին կատարել Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, մինչև Ուկրաինայի տարածքից դուրս չբերվեն ռուսական զորքերը», - գրում է The Wall Street Journal-ը:
Միացյալ Նահանգները հրադադարի խախտման համար մեղադրել է Ռուսաստանին: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը: «Մոսկվան իր վրա ուղղակի պարտավորություններ է վերցրել, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները», - ասել է նա:
Ուկրաինայից ստացվող լուրերի ֆոնին ռուբլին երեկ զգալիորեն արժեզրկվեց․ դոլարի փոխարժեքն այսօր մոտենում է 55, եվրոյինը՝ 62 ռուբլուն:
Հիշեցնենք՝ անցած ամիս ռուբլին կայունացել էր, և, օրինակ, դոլարը արժեր 50 ռուբլուց պակաս: