Մատչելիության հղումներ

Վարչապետի որդու միակ մրցակիցը լքեց ընտրապայքարը


Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու միակ մրցակիցը՝ Հովհաննես Ղազարյանն այսօր դուրս եկավ պայքարից։ Ինքնաբացարկի դիմումը ներկայացնելուց հետո նա «Ազատությանն» ասաց, որ այդ որոշմանն է եկել ընտանիքի հետ հարցը քննարկելուց հետո։

«Երիտասարդն ավելի լավ կաշխատի, ավելի շատ օգուտ կբերի մեր Արտաշատին, քան ես։ Ի վերջո մենք ի՞նչ ենք ուզում, որ արտաշատցին լավ ապրի։ Ու ինձ թվում է, թե ինքը [Արգամ Աբրահամյանը] ավելի լավ կաշխատի»,- ասաց Ղազարյանը։

Ավելի վաղ՝ ինքնաառաջադրվելուց հետո, նախկինում Աբրահամյանների հետ տարաձայնություններով հայտնի Հովհաննես Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ պայքարելու է մինչև վերջ։ Հարցին, թե ինչո՞ւ վերանայեց այդ որոշումն ու առանց մրցակցի թողեց 29-ամյա միլիոնատեր Արգամ Աբրահամյանին, Ղազարյանը պատասխանեց՝ իր վրա ճնշումներ չեն եղել, անձամբ է կայացրել որոշումը՝ միայն ընտանիքի անդամների հորդորով։

Հովհաննես Ղազարյանը ընտրական հանձնաժողով ներկայացրած տվյալների համաձայն՝ գործազուրկ է։ Ասաց, որ կշարունակի բիզնեսով զբաղվել։ Նա գազի ու բենզինի լցակայաններ ունի։ Ինչ վերաբերում է Աբրահամյանների հետ տարիներ առաջ ունեցած հակասությանը, որի հետևանքով անգամ փոխհրաձգություններ եղան, Հովհաննես Ղազարյանը հավաստիացրեց՝ հաշտվել են դեռ չորս տարի առաջ։

«Հաշտվե՛լ ենք, չի կարելի՞ տենց»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք պաշտպանելո՞ւ է իր նախկին մրցակցին, պատասխանեց.- «Իսկ ինքը պաշտպանության կարիք ունի՞։ Ինձ թվում է՝ չունի»։

Ի սկզբանե Արտաշատում առաջադրվել էր երեք թեկնածու։ Նրանցից մեկը՝ Գարեգին Համբարձումյանը, պայքարից դուրս եկավ առաջադրվելուց անմիջապես հետո։ Հովհաննես Ղազարյանը, ով պնդում էր, թե ձևական չէ առաջադրումն ու պայքարելու է մինչև վերջ, ինքնաբացարկ հայտնեց քարոզարշավի մեկնարկից օրեր անց: Ընտրապայքարում միայնակ մնացած թեկնածուի՝ Արգամ Աբրահամյանի վարչապետ հայրը օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե որևէ կերպ չի միջամտում ընտրություններին։

«Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունեն ընկերներ, ինքը ինձ ուղղակի ասաց, որ նման առաջարկ է ստացել, և ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ, որպես վարչապետ... Ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, եթե հաջողի ընտրվեք, արտաշատցիները ձեզ ձայն տան, նաև պատվաբեր է։ Ինքդ որոշիր՝ եթե դու կարող ես այդ բեռը վերցնել, գնա առաջադրվիր, ընտրվիր, ես չեմ միջամտելու»,- ասել էր վարչապետը։

XS
SM
MD
LG