Մատչելիության հղումներ

Արտաշատի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Ղազարյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել


Հովհաննես Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ պատրաստվում է հանել իր թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի միակ մրցակիցն ասում է, թե ընտանիքի հետ քննարկելուց հետո եկավ այս եզրակացության։ «Երիտասարդն ավելի լավ կաշխատի, ավելի շատ օգուտ կբերի մեր Արտաշատին, քան ես։ Ի վերջո, մենք ի՞նչ ենք ուզում, որ արտաշատցին լավ ապրի։ Ու ինձ թվում է, թե ինքը [Արգամ Աբրահամյանը] ավելի լավ կաշխատի», - ասաց Ղազարյանը։

Թեկնածությունն առաջադրելուց հետո, Հովհաննես Ղազարյանն «Ազատության»-ն ասել էր, որ մտադիր է պայքարի մեջ մնալ մինչև վերջ։ Մինչդեռ, քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո հանում է իր թեկնածությունը՝ ընտրվելու անարգել հնարավորություն տալով վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին։

Ղազարյանը պնդեց, որ իր վրա ճնշումներ չեն եղել, և որ ինքն անձամբ է կայացրել որոշումը՝ միայն ընտանիքի անդամների հորդորով։

Հովհաննես Ղազարյանը, ընտրական հանձնաժողով ներկայացրած տվյալների համաձայն, աշխատանք չունի։ Ասաց, որ կշարունակի բիզնեսով զբաղվել՝ նշելով, որ գազի ու բենզինի լցակայաններ ունի։

Ինչ վերաբերում է Աբրահամյանների հետ տարիներ առաջ ունեցած հակասությանը, որի արդյունքում անգամ փոխհրաձգություններ եղան, Հովհաննես Ղազարյանն ասաց, որ դեռ չորս տարի առաջ հաշտվել են։

Նշենք, որ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դեռ Ղազարյանից դիմում չի ստացել։

Կարինե Սիմոնյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG