Մատչելիության հղումներ

Գազի հարցով ԱԺ որոշման նախագծերից մեկը դրական եզրակացություն ունի, մյուսից լուր չկա


Գազի հարցով ԱԺ որոշման նախագծերից մեկը դրական եզրակացություն ունի, մյուսից լուր չկա
please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00

Ազգային ժողովի Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խոստանում է՝ հաջորդ նիստի ընթացքում քննարկման կդնի նաև Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով նախատեսվում է Ազգային ժողովի անունից գազային հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել դատախազություն, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել ուսումնասիրել գազի գնի սակագնի նվազեցման հնարավորությունները:

Ապրիլի 10-ին գազամատակարարման համակարգն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը խորհրդարանում ի գիտություն ընդունելուց հետո Ազգային ժողովի որոշման երկու նախագիծ դրվեց շրջանառության մեջ։ Մեկը Հայ ազգային կոնգրեսի, մյուսը՝ Դաշնակցության նախագիծն էր, որը նախատեսում էր Տնտեսական հանձնաժողովին գազի հարցով մոնիտորինգի լիազորություն տալ:

Դաշնակցության նախագծին միացան նաև «Ժառանգությունն» ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այդ փաստաթուղթը մայիսի 15-ին արդեն ք դրական եզրակացություն ստացել է տնտեսական հանձնաժողովում, մինչդեռ ՀԱԿ-ի նախագծից դեռ լուր չկա:

Վարդան Այվազյանն ասում է՝ փաստաթուղթը չի կորել, կքննարկեն։ Իսկ թե ինչու նույն օրը ներկայացված երկու նախագծերը միասին չեն մտել Տնտեսական հանձնաժողովի նիստ, Այվազյանը բացատրեց.- «ԱԺ հանձնաժողովի ղեկավարը կարող է իր իրավասության շրջանակներում օրենսդրական նախաձեռնությունը մի քիչ առաջ կամ մի քիչ հետ դնել։ Կարող եմ նաև բացահայտել, որ մյուս օրենսդրական նախաձեռնության հեղինակները ինձ բազմաթիվ անգամ դիմել են, [ի տարբերություն այս մեկի հեղինակների, որ չի քննարկվել], որ եթե հնարավոր է, մի քիչ արագ դնենք: Սրանով է պայմանավորված։ Եթե մարդկային այդպիսի արարքներ դատապարտելի են, եկեք դատապարտենք»։

ՀԱԿ-ի նախագիծը կներկայացվի Տնտեսական հանձնաժողովի քննարկմանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված ժամկետներում, ասում է Այվազյանը: Մինչդեռ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասում է՝ օրենքով այն պետք է 30 օրվա ընթացքում քննարկվեր:

«Անցել է 43 օր, որևէ նիստ տեղի չի ունեցել։ Սա է իրականությունը։ Երբ կլինի, չգիտեմ։ Կսպասենք»,- ասաց Մանուկյանը։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չի թաքցնում՝ ՀԱԿ-ի նախագծին կողմ չէ։ Նրա խոսքով՝ իրավական առումով այն բազմաթիվ խնդիրներ ունի, բացի այդ նախագիծը ներկայացնող պատգամավորն ինքը կարող էր այն ուղարկել դատախազություն:

«Զավեշտ է։ Դատախազության համար բացարձակապես կապ չունի՝ հարյուր հոգով կուղարկես, թե մի հոգով։ Եթե հանցագործությունը մասին հաղորդում է, ինքը կարող է վերցնել լրատվությունից, օրինական տեղադրված սայթից, կարող է վերցնել ցանկացած պատգամավորի գրություն»,- ասաց Այվազյանը։

Արամ Մանուկյանն առարկում է՝ մեծ տարբերություն կա Ազգային ժողովն է դատախազություն դիմողը, թե անհատ պատգամավորը.- «Մենք ուզում ենք, որ Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր մարմնի մեկ տարուց ավելի կատարած աշխատանքի արդյունքները շարունակություն ունենան»։

ՀԱԿ պատգամավորը չի կարծում, որ Տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն կտա իրենց նախագծին, ասում է՝ մերժվելու դեպքում արդեն իրենք նույն պահանջները կուղղեն դատախազությանն ու Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին։

Դաշնակցության ներկայացրած որոշման նախագծին միացած Թևան Պողոսյանն ասում է՝ եթե դրական եզրակացություն ստացած իրենց նախագիծը ընդունվի խորհրդարանի կողմից, ապա Տնտեսական հանձնաժողովը լրացուցիչ հնարավորություն կունենա տարբեր հարցերի շուրջ դատախազություն դիմելու:

«Եթե այն վերջնական անցավ, ապա Տնտեսական հանձնաժողովը պետք է այդ աշխատանքները կատարի, և հուսով եմ, արդեն տարբեր փաստաթղթեր կուղարկի դատախազություն կամ այլ համապատասխան պետական մարմիններ՝ ուսումնասիրելու կամ նյութեր ներկայացնելու նախկին բոլոր խախտումների մասին։ Բայց նույնիսկ այսօրվա ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը նայում ենք, այնտեղ շատ ու շատ հարցեր կան, որոնք արժանի են ուղարկելու։ Մանրամասն քննարկումներից հետո, վստահ եմ, արդեն ավելի որակյալ քննարկումներ կլինեն, որովհետև շատ հարցեր կան, որոնք ընդհանուր ձևակերպված են։ Ինչպես տեսնում ենք, դատախազությունում ընդհանուր ձևակերպված խնդիրները այդքան էլ չեն [ողջունում]։ Կփորձենք ավելի կոնկրետ խնդիրների անցնել»,- ասաց Պողոսյանը։

XS
SM
MD
LG