Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ետխորհրդային երկրների եվրոպական ինտեգրացիային


Սենատոր Քրիս Մերֆի, արխիվ
Սենատոր Քրիս Մերֆի, արխիվ

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ետխորհրդային երկրներին Եվրամիության անդամակցության նախապատրաստման հարցում, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի սենատոր Քրիս Մերֆին՝ մեկնաբանելով Ռիգայում Եվրոպական Միության և ետխորհրդային վեց երկրների ղեկավարների գագաթնաժողովը:

Սենատորի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է օգնի Եվրոպական Միությանն անդամակցություն ակնկալող ետխորհրդային երկրներին, առաջին հերթին Վրաստանին և Ուկրաինային, համապատասխանելու իրենց առջև դրվող պահանջներին: Դրանով Վաշինգտոնը նաև պարզ ուղերձ կհղի Մոսկվային, համոզված է սենատորը։

«Մենք պետք է ցույց տանք Պուտինին, որ երբ հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը կամ Եվրամիության հետ այլ երկրների համագործակցության խորացմանը, Վլադիմիր Պուտինը չունի վետոյի իրավունք, և նա չի որոշելու, թե ով է միանալու ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը»,- ասում է Մերֆին։

Վերլուծաբանների կարծիքով՝ Լատվիայում անցկացված Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու նոր հնարավորություններ բացեց Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի համար, որոնք վերջին 1.5 տարվա ընթացքում Ռուսաստանի կողմից լուրջ ճնշման տակ էին հայտնվել:

Սենատորի կարծիքով, Ռուսաստանը շարունակում է բացասական դեր խաղալ Արևելյան Ուկրաինայում՝ դրանով իսկ փորձելով զերծ պահել Ուկրաինան եվրոպական կառույցներին ինտեգրվելուց: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության իշխանություններն իրենց դժգոհությունն են հայտնել Վաշինգտոնից։

«Միացյալ Նահանգները վաղուց է մասնակցում Ուկրաինայի գործերին, սակայն, այդ մասնակցությունը միշտ չէ, որ կառուցողական է», - նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Սենատոր Մերֆին, սակայն, այլ կարծիք ունի: Նրա խոսքով, Մոսկվային պետք է պարզ հասկացնել, որ նման մոտեցումն անընդունելի է.- «Եթե մենք Ռուսաստանին Արևելյան Ուկրաինայի հարցով միանշանակ ազդանշան չուղղենք ու չապացուցենք, որ Ռուսաստանը լուրջ գին է վճարելու իր հարձակման համար, այն կանգ չի առնի»,- համոզված է նա։

XS
SM
MD
LG