Մատչելիության հղումներ

Ռիգայի գագաթնաժողովը՝ ներդաշնակ մթնոլորտում․ Մերկել


Ռիգայի գագաթնաժողովը՝ ներդաշնակ մթնոլորտում․ Մերկել
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

Նախօրեին քննարկումների ժամանակ արտահայտված տարաձայնությունները, ըստ Գերմանիայի կանցլերի, հարթվել են:

Այսօր առավոտյան Լատվիայի մայրաքաղաքում բացվեց Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Վաղ առավոտյան արդեն այստեղ էին Եվրամիության անդամ երկրների ղեկավարները, այդ թվում առաջատար երկրների ղեկավարներ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրամիության տարբեր կառույցների ղեկավարներ՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և այլոք:

Պետությունների ղեկավարները հերթով գալիս էին, նրանց մուտքի մոտ ողջունում էին Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ժան-Կլոդ Յունկերը և Դոնալդ Տուսկը, ինչպես նաև Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման: Նախագահները, վարչապետները, արտգործնախարարները կանգ էին առնում, լուսանկարվում նրանց հետ, հետո գնում նիստերի դահլիճ:

Առաջինը եկավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը․ այդ երկրի նախագահը, հիշեցնենք, հրաժարվել է մասնակցել Ռիգայի գագաթնաժողովին: Արտգործնախարարի մակարդակով է ներկայացել նաև Բելառուսը:

Պաշտոնյաներից ոմանք կանգնում էին լրագրողների մոտ, պատասխանում էին մի քանի հարցի:

Վիճաբանությունները հարթվեցին

Այսօր հայտնի դարձավ, որ փակ դիվանագիտական դռների ետևում լուրջ քննարկումներ էին ընթանում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի տեքստի մի քանի կետերի շուրջ: «Ազատություն»-ը հասցրեց Հայաստանի նախագահին հարցնել պարզապես, թե գո՞հ է արդյոք Ռիգայի գագաթնաժողովի աշխատանքներից: Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում:

Ինչպես հայտնի է, երեկ եզրափակիչ փաստաթղթի եզրույթներից մեկի շուրջ վիճաբանություն էր ծագել, մասնավորապես՝ Հայաստանը և Բելառուսը դեմ էին արտահայտվել «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթին և կարծում էին, որ այդպիսի արտահայտություն ընդհանրապես չպետք է լինի վերջնական փաստաթղթում:

Սակայն այսօր պարզվեց, որ որևէ առարկություն չկա, և այդ եզրույթը մնում է փաստաթղթում, որովհետև այն վերաբերում է ոչ թե Արևելյան գործընկերության երկրներին, այլ Եվրամիության անդամ երկրներին, իսկ քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ չէ, ապա որևէ ազդեցություն, որևէ առնչություն չի կարող ունենալ այդ եզրույթին: Այդ իմաստով, կարծես թե հնարավոր եղավ հարթել այդ տարաձայնությունը, ինչպես հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Բարեբախտաբար, Ռիգայում բանակցությունները ներդաշնակ են ընթանում, և մենք կկարողանանք համաձայնել համատեղ հռչակագրի շուրջ, որտեղ հստակ պետք է լինի, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի: Սա Արևելյան գործընկերության երկրների ընդհանուր դիրքորոշումն է», - ասաց Մերկելը:

Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջա՛նը առարկություններ ունի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եզրափակիչ փաստաթղթի ձևակերպումների առնչությամբ: Փաստաթղթի նախագծում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, որ Եվրամիությունը աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա: Միջազգային իրավունքի որևէ սկզբունք առանձնացված չէր փաստաթղթում՝ ոչ տարածքային ամբողջականության և ոչ էլ ինքնորոշման: Սակայն հետագայում կարծես թե հաջողվեց հարթել այս բոլոր տարաձայնությունները, և տեքստը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, մնաց նույնը:

Սարգսյանը հանդիպեց Մերկելի հետ

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը, անկասկած, Անգելա Մերկելն է, որի ամեն մի մեկնաբանություն և խոսք մեծ ուշադրությամբ է լսվում այստեղ:

Ինչպես գիտենք, հենց Գերմանիայի բյուջետային հատկացումները Եվրամիության ամենախոշոր հատկացումներն են, և ցանկացած պետություն, որը ցանկանում է օգնություն ստանալ Եվրամիությունից, գիտակցում է, որ պետք է լավ հարաբերություններ ունենա Գերմանիայի հետ, ստանա Գերմանիայի կանցլերի աջակցությունը:

Հինգշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ կես ժամ հանդիպում ունեցավ Անգելա Մերկելի հետ: Նրանք քննարկել են հայ - գերմանական միջպետական հարաբերությունները, գոհունակությամբ արձանագրել, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլայնվել և հարստացել է հայ - գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է շուրջ վեց տասնյակ համաձայնագրերով:

Հանդիպման ընթացքում նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Ուկրաինան և Վրաստանը «առայժմ պատրաստ չեն»

Ռիգա գալուց առաջ, ի դեպ, կանցլեր Մերկելն ասել էր, թե Ուկրաինան և Վրաստանը առայժմ պատրաստ չեն Եվրամիության հետ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն ստանալու համար, առավել պատրաստ Վրաստանն է, իսկ Մոլդովան արդեն ստացել է այդպիսի հնարավորություն:

«Արևելյան գործընկերությունը Եվրամիության ընդարձակման գործիք չէ, այն ավելի շուտ գործիք է Եվրամիությանը մոտենալու համար՝ ահա այս հիմքի վրա ենք մենք վարելու բանակցությունները», - Գերմանիայի կանցլերի այս հայտարարությունը մի փոքր հիասթափություն էր առաջացրել հատկապես վրացիների և ուկրաինացիների մոտ:

Սակայն հետո Եվրամիության մի շարք ղեկավարներ հայտարարեցին, թե Արևելյան գործընկերության այն երկրները, որոնք ուզում են միանալ Եվրամիությանը, պետք է այդպիսի ձգտման հնարավորություն ունենան, ամեն երկիր ինքն է որոշում, թե որքան է ցանկանում մոտենալ, մերձենալ Եվրամիությանը, որքան սերտ հարաբերություններ է ուզում հաստատել Բրյուսելի հետ:

Ահա այս ամենը արդեն արտահայտվել է գագաթնաժողովի ընդհանուր հռչակագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG