Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը աշնանը նախագահին կներկայացնի նոր Սահմանադրության նախագիծը


Հանձնաժողովը աշնանը նախագահին կներկայացնի նոր Սահմանադրության նախագիծը
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մտադիր է արդեն աշնանը Սերժ Սարգսյանի սեղանին դնել նոր Սահմանադրության նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, սակայն, հրաժարվեց հստակեցնել, թե երբ կանցկացվի հանրաքվեն՝ ներկայացնելով միայն հնարավոր սցենարներ, որոնցով կարող է շարժվել Սերժ Սարգսյանը։

«Այսօր ասել, թե հնարավոր է հանրաքվեն անել այս կամ այն ժամկետում, ես ինձ վրա չէի վերցնի։ Համենայնդեպս, աշնանը մենք կկարողանանք մեզ հետ կապված աշխատանքները ավարտելով ներկայացնել։ Թե դրանից հետո հանրապետության նախագահը լրացուցիչ քաղաքական քննարկումներ կկազմակերպի, թե՝ ոչ, հավանություն կտա, թե՝ ոչ, կվերադարձնի լրամշակման, թե՝ ոչ, այդ բոլորը հնարավոր են, ու դրանցով պայմանավորված կլինի հետագան»,- ասաց ՍԴ-ի նախագահը։

Մինչ այդ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը բարեփոխումները հոդված առ հոդված քննարկում է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ։ Եվրոպայի խորհրդի մասնագետներն օրերս ծանոթացել են արդեն պատրաստ առաջին երեք գլուխներին, որոնք վերաբերում են սահմանադրական կարգին և մարդու իրավունքներին ու ազատություններին:

Գագիկ Հարությունյանի փոխանցմամբ, միջազգային փորձագետներն ասել են, թե որոշակիորեն տպավորված են այս տարբերակով, բայց նաև դիտողություններ ունեն.- «Այդ նկատառումները վերաբերում էին ռազմական և արտակարգ դրության ժամանակ հնարավոր չսահմանափակվող իրավունքների շրջանակին, որովհետև նույնիսկ մենք ավելի խիստ էինք վարվել, քան իրենք կարծում էին, ավելի քիչ իրավունքներ ենք ներառել այդ հնարավոր սահմանափակումների դաշտում, իսկ իրենք գտնում են, որ այստեղ լրացուցիչ այլ իրավունքներ կարելի է ներառել։ Մենք դրանք դեռ քննարկելու ենք»։

Հանձնաժողովը հունիսին հանդիպումներ է ունենալու առաջարկներ ներկայացրած 14 կուսակցությունների հետ։ Արդեն բանակցություններ են եղելԴաշնակցության, Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորման» և «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ էլ ԲՀԿ-ն հրաժարվել է քննարկել անցումը կառավարման խորհրդարանական մոդելին։

«ԲՀԿ-ն վերապահում է մոտեցել գործակցության աշխատանքներին՝ շեշտելով հետևյալ հանգամանքը, որ այս փուլում բովանդակային քննարկման մասնակից կլինեն միայն այն բաժինների վերաբերյալ, որոնք կառավարման համակարգին չեն առնչվի։ Իսկ մյուս բաժինների վերաբերյալ նրանք պատրաստակամություն են հայտնել, որ բովանդակային քննարկումներին կմասնակցեն, բայց դեռևս պետք է որոշում կայացնեին։ Մենք պատասխան չենք ստացել»,- հայտնեց Գագիկ Հարությունյանը։

Հանձնաժողովի նախագահը, սակայն, շտապեց նաև ընդգծել՝ Սահմանադրության այլընտրանքային՝ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանող տարբերակ չեն ներկայացնելու, ինչը չէր բացառել Սերժ Սարգսյանը.- «Տրամաբանական չի լինի, որպեսզի նախաձեռնող սուբյեկտը ներկայացնի երկու տարբերակ, ասի՝ Ազգային ժողով, ես ուզում եմ փոփոխություն, որն ուզում եք, ընտրեք»։

Գագիկ Հարությունյանը անպատասխան թողեց «Ազատության» հարցը, թե արդյոք Վենետիկի հանձնաժողովը այս հանդիպմանն էլ է կարևորել քաղաքական կոնսոլիդացիան: Փոխարենը չհամաձայնեց, թե առայժմ իշխանություններին չի հաջողվել հասնել այդ համախմբմանը, ինչի մասին ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր Հանրապետական խմբակցության ղեկավարը։

«Եթե ի սկզբանե մերժողական էր մոտեցումը, հետո աստիճանաբար շատ կուսակցություններ սկսեցին բովանդակային հարցադրումներ կատարել, հետո տեղի ունեցավ ընդհանուր մոտեցման որոշակի փոփոխություն»,- ասաց Հարությունյանը։

Հանձնաժողովին առաջարկներ ներկայացրած 14 ուժերի մեծ մասը խորհրդարանում ներկայացված չէ, վերջին համապետական ընտրություններին կամ չի մասնակցել, կամ 1 տոկոսից ցածր ձայներ է ստացել։ Գագիկ Հարությունյանը չի հերքում՝ հանրաքվեից առաջ վստահության երաշխիքներ պետք է ստեղծել, բայց դա իրենցից կախված չէ.- «Անհնարին է այս բարեփոխումները կյանքի կոչել առանց հստակ և վստահելի հանրաքվեի կազմակերպման և անցկացման»։

Հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն էլ հավելեց, թե վստահությունը մեծ կլինի, եթե մինչև 2017 թվականի ընտրություններն ունենանք ընդդիմության և իշխանության պահանջները բավարարող Ընտրական օրենսգիրք: Սահմանադրագետը վստահեցնում էր, թե Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար չէ, որ գրում են այս փաստաթուղթը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն էլ չէր ուզի, որ թոռների ճակատագիրը տասնամյակներով նույն մարդկանց ձեռքում լիներ։

«Եթե գործող իշխանությունը, ինչպես շատերդ փորձում եք կրկնել, նպատակ ունենա վերարտադրության, ապա այն վերարտադրության հնարավորությունները շատ ավելի մեծ են գործող համակարգի պարագայում, քան փոփոխվելու դեպքում»,- ասաց ՍԴ նախագահը։

Այդուհանդերձ եթե խորհրդարանական պետությունում Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ կամ վարչապետ դառնա, բարեփոխումների հեղինակ Վարդան Պողոսյանը չի հրաժարվի սահմանադրագետի իր կոչումից։

«Ոչ, ես պատրաստ չեմ դադարեցնել սահմանադրագետի իմ գործունեությունը, որովհետև ես քաղաքական գործիչ չեմ»,- ասաց նա։

XS
SM
MD
LG