Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ձերբակալվել է ռուսական բանակի երկու զինծառայող


Ռուսամետ անջատականները Ուկրաինայի արևելքում, ապրիլ, 2015թ․
Ռուսամետ անջատականները Ուկրաինայի արևելքում, ապրիլ, 2015թ․

Կրեմլը, սակայն, շարունակում է հավաստիացնել, թե Ուկրաինայի արևելքում ռուսական զորքեր չկան:

Արևելյան Ուկրաինայում ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հետախուզական վարչության երկու հատուկ ջոկատային:

Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ զինծառայողները ձերբակալվել են շփման գծի մոտ՝ Շաստյե քաղաքի մերձակայքում: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը՝ վերահաստատելով, թե ռուսական զորքեր չկան Արևելյան Ուկրաինայում:

Իսկ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ գիտեն ձերբակալվածներին, սակայն նրանց ներկայացրել են իբրև Լուգանսկի ոստիկանության աշխատակիցներ:

Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության հարցաքննության տեսանյութում ձերբակալված վիրավոր զինծառայողը ներկայանում է, հայտնում անուն-ազգանունը, առնվազն երեք քննիչի հարցերին պատասխանելով՝ ասում է, որ սերժանտ է, ներկայացնում մանրամասներ, թե ինչ են անում ռուսական զինված ուժերի 14 զինծառայողից բաղկացած գումարտակները Արևելյան Ուկրաինայում:

Տեսանյութում զինծառայողը պատմում է, որ Շաստյե քաղաքում է եղել՝ 14 զինծառայողների խմբում, որ գումարտակները փոխարինվում են 4-5 օրը մեկ, նաև պատասխանում է Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության քննիչների մի շարք այլ հարցերի՝ ներկայացնելով մանրամասներ, թե ինչպես, կոնկրետ ում մասնակցությամբ, հերթափոխության ինչ կարգով են Ռուսաստանի զինված ուժերը մասնակցում ռազմական գործողություններին: Շաստյե շրջանում, ըստ զինծառայողի, մի քանի խումբ է հերթափոխում:

Ռուսական բանակի զինծառայողը վկայել է, որ պայմանագրային զինծառայող է: Պարտավորությունն է՝ հսկել տարածքը:

Ուկրաինան, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը Ռուսաստանին բազմիցս մեղադրել են Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին մասնակցելու մեջ, սակայն Մոսկվան պաշտոնապես հերքում է այդ պնդումները:

Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի մասնակցության մասին էր պնդում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Կրեմլի մոտ նրա սպանությունից շուրջ երեք ամիս հետո՝ անցյալ շաբաթ, Նեմցովի գաղափարակիցները հրապարակեցին զեկույց, ըստ որի՝ Ուկրաինայի արևելքում սպանվել է ռուսական բանակի ավելի քան 220 զինծառայող: Զեկույցում ներկայացված են Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին մասնակից ռուսական բանակի զինծառայողների անուն-ազգանունները, բնակության վայրերը, կիրառած զինատեսակները և մի շարք այլ տվյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG