Մատչելիության հղումներ

Նեմցովի ընդդիմադիր ընկերներն ավարտին են հասցրել աղմկահարույց զեկույցը


Նեմցովի մերձավոր ընկեր Իլյա Յաշինը ներկայացնում է «Պուտին՝ պատերազմ» զեկույցը, 12-ը մայիսի, 2015թ․
Նեմցովի մերձավոր ընկեր Իլյա Յաշինը ներկայացնում է «Պուտին՝ պատերազմ» զեկույցը, 12-ը մայիսի, 2015թ․

Բորիս Նեմցովի գաղափարակիցները «Պառնաս» ընդդիմադիր կուսակցությունում այսօր ներկայացրել են «Պուտին՝ պատերազմ» վերնագրով զեկույցը: Այն հրապարակել է փետրվարին Կրեմլի պատերի տակ սպանված Նեմցովի մերձավոր ընկերը՝ Իլյա Յաշինը:

«Մենք համոզված ենք և պնդում ենք, որ քաղաքականությունը, որը վարում է Պուտինը, անջատականությունը, որը Ռուսաստանի վզին է փաթաթում Պուտինը, պատերազմը, որը Պուտինը սանձազերծեց մեր եղբայրական, հարևան պետության դեմ, այդ ամբողջը հակասում է Ռուսաստանի շահերին», - հայտարարել է Յաշինը: - «Մեր երկրի ղեկավարությունը պատասխանատվություն է կրում հանցավոր արկածախնդրության համար, որին զոհ գնացին ինչպես ուկրաինացիները, այնպես էլ մեր ռուս համաքաղաքացիները: Մենք պետք է ասենք ճշմարտությունը. Պուտինը ճգնաժամ է և պատերազմ: Մենք դա կարող ենք կանգնեցնել միայն համատեղ ջանքերով»:

Զեկույցի հեղինակները պնդում են, որ իրենց ձեռքի տակ կան Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի գործունեության հստակ ապացույցներ, մասնավորապես՝ զինվորականների և գրոհայինների վկայություններ: Այս պնդումները առավել ուշագրավ են, քանի որ հակասում են Ռուսաստանի պաշտոնական հավաստիացումներին:

«Կարող եմ օրինակ բերել, նախևառաջ, Կոստրամայից և Իվանովոյից պատերազմին մասնակցած դեսանտների վկայությունները, որոնք կրակոցներից հետո ձերբակալվել էին Ուկրաինայում, 2014 թվականի օգոստոսին», - պնդել է Բորիս Նեմցովի գործն ավարտին հասցրած ընդդիմադիր գործիչը, - «Անջատականների բոլոր հիմնական հաջողություններն ապահովվել են ռուսական բանակի ստորաբաժանումների շնորհիվ»:

Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ Ուկրաինայում ձերբակալված ռուս զինծառայողները մոլորվել են:

Զեկույցում նկարագրվում են Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ռուսաստանի քաղաքացիների հավաքագրման համակարգը, գրոհայինների ուսուցման և զինելու մեխանիզմները:

«Հավաքագրման գործում հիմնական դերը կատարում են տարածքային զինվորական կոմիսարիատները մեր երկրում, նաև՝ զինվորական գործողությունների վետերանների կազմակերպությունը, որը գործում է իշխանությունների աջակցությամբ: Ուկրաինացի ուժայինների դեմ պայքարում ռազմական գործողություններին մասնակցելու համար գրոհայինները վարձատրվում են: Մեզ հաջողված բազմաթիվ վկայությունների համաձայն, շարքային գրոհայինն ամսական ստանում է 60 հազար ռուբլի», - լրագրողներին ասել է Յաշինը:

Ըստ զեկույցի, Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին մասնակցում են նաև 90-ականներին ռուսաստանյան ստորաբաժանումների դեմ պայքար մղած «Մահ» անվանումը կրող չեչենական գումարտակը: Գումարտակի անդամները համաներման են արժանացել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ջանքերով: Իլյա Յաշինի խոսքով, հիմա այդ գումարտակը գործում է Կադիրովի անձնական հրամանատարությամբ: «Նա ուղարկում է էլիտար գրոհայինների», - պնդել է Յաշինը:

Զեկույցում ներառվել են ապացույցներ, ըստ որոնց՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանից տանկեր են մուտք գործել:

«Ուկրաինայի դեմ չհայտարարված, ստոր, ցինիկ պատերազմ է տարվում», - զեկույցն ամփոփելիս՝ բնորոշել է ընդդիմադիր գործիչը:

Նա նաև հրապարակել է զեկույցում ներառված հաշվարկները, ըստ որոնց՝ միայն վերջին 10 ամսում Ռուսաստանը կրել է 53 մլրդ ռուբլու կորուստ՝ վարձու գրոհայինների, անջատականների աջակցության, զենքերի նորոգման հետևանքով: 2 տրիլիոն ռուբլի ռուսաստանցիները կորցրել են Ղրիմի բռնակցումից հետո:

Ընդդիմադիր գործիչն ամփոփել է՝ Պուտինը պատմության մեջ կմնա որպես նախագահ, որի իշխանավարման տարիներին ռուսաստանցիներն ու ուկրաինացիները թշնամացան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG