Մատչելիության հղումներ

Գյումրիում ՀԽ-ի անդամին դանակահարած անձը ազատ է արձակվել


Գյումրիում ՀԽ-ի անդամին դանահարած անձը ազատ է արձակվել
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը և մայիսի 8-ին գրավի դիմաց ազատ է արձակել՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ մեղադրվող Կամո Խաչատրյանը, ում Գյումրիում ճանաչում են որպես Ռուդիկ Խաչատրյան, մոտ մեկ ամիս ճաղերի հետևում անցկացնելուց հետո այսօր արդեն ազատության մեջ է. դատարանը փոխել է նրա խափանման միջոցը, և գրավի դիմաց մայիսի 8-ին ազատ արձակել՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Ընդդիմադիր գործչի դանակահարությունը տեղի էր ունեցել մարտի 28-ին՝ Գյումրիում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ:

Հրաչիկ Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց, որ առերեսման ժամանակ ճանաչել է Կամո Խաչատրյանին: Հարուցված քրեական գործով՝ վերջինիս սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:

«Կարծում եմ, որ Ռուդիկը իրականացնում էր իշխանությունների պատվերը։ Այսինքն նրան հանձնարարված էր տապալել այդ հանրահավաքը: Նա իր գործը կատարեց, բայց մի քիչ գերազանցեց, չափը անցավ, և հանցանքի արդյունքում նրան ձերբակալել են։ Բայց, այնուամենայնիվ, քանի որ նա իրենց աշխատողն է և պատվերը կատարողն է, բնական է, որ այդպես էլ պետք է լինի։ Ես արձագանք չեմ ուզում տալ, որովհետև նա իրական հանցագործը չէ, իրական հանցագործը նրա պատվիրատուն է», - ասաց Միրզոյանը։

Տուժողը պնդեց, որ հաշվի առնելով ընդդիմադիր մյուս գործիչների դեմ բռնությունների քննությունը, չի զարմանում, որ իրեն դանակահարության մեջ կասկածվողը ազատության մեջ է:

Ավելի վաղ՝ անցած տարեվերջին, մեկը մյուսի հետևից բռնության ենթարակվեցին ընդդիմադիր մի շարք ակտիվիստներ: Մեղավորները, սակայն, կամ չեն բացահայտվել, կամ էլ տուգանքով ազատ են արձակվել:

«Չեմ զարմանա, եթե դատարանը Կամո Խաչատրյանին կամ Գյումրիում հայտնի նույն Ռուդիկին որոշի արդարացնել», - ասաց Միրզոյանը՝ հավելելով. - «Ես չեմ էլ զարմանա, եթե Ռուդիկին արդարացնեն, և չեմ զարմանա, եթե ապացուցեն, որ ես եմ ընկել նրա դանակի տակ։ Արդարադատություն չկա»:

Հարցին, թե ի՞նչ է իրեն հայտնի դանակահարության՝ ավելի քան մեկ ամիս քննվող քրեական գործից, Միրզոյանը պատասխանեց. - «Քննիչը ինձ տեղեկացրեց սրանից մի 15 օր առաջ, որ մի 15 օր հետո ինձ կկանչի հետագա ինչ-որ հարցեր, խնդիրներ ստորագրելու համար, բայց չի կանչել»։

Գյումրիում նախատեսված խաղաղ հանրահավաքի մեկնարկին, հիշեցնենք, մի խումբ երիտասարդներ անընդմեջ փորձում էին խանգարել հավաքը՝ վիճաբանության մեջ մտնելով մասնակիցների հետ, վերջում նաև ձվեր նետեցին հանրահավաքի նախաձեռնողների ուղղությամբ:

Թեպետ տարածքում մեծ թվով ոստիկաններ կային, սակայն նրանք որևէ կերպ չէին միջամտում, միայն ձվերը շպրտելուց հետո փորձեցին խառնվել: Հենց այդ ժամանակ էլ հավաքի մասնակիցները, այդ թվում և Հրաչիկ Միրզոյանը, վազեցին ձվեր նետող երիտասարդների հետևից՝ փորձելով բռնել նրանց: Այդ ժամանակ էր Միրզոյանը դանակահարվել է, կորցրել փայծաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG