Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գիտաժողովի բացմանը ողջունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի այս նախաձեռնությունը, որն է՝ շուրջ 25 երկրներից թվային դիվանագիտության ոլորտի առաջատար փորձագետների հրավիրել Երևան` քննարկելու թվային դիվանագիտության և դրա զարգացման հետ կապված հարցերը:
«Թվային դիվանագիտությունը, օգտվելով տեխնոլոգիական նվաճումներից և ստեղծած հնարավորություններից, լրացուցիչ հարթակ է ստեղծում դիվանագետների համար՝ իրենց գործառույթները իրականացնելու նպատակով:
Դիվանագիտական ծառայության մարմինները կարող են առավել հաջողակ լինել իրենց երկրների ազգային շահերին ծառայելու հարցում՝ տեխնոլոգիական առաջընթացից լավագույնս օգտվելու դեպքում», - ասել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ համաժողովի անցկացմանն աջակցել է նաև Եվրոպական միությունը: