Մատչելիության հղումներ

Պուտինը և Մերկելը հարգեցին Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը


Վլադիմիր Պուտին և Անգելա Մերկել, արխիվ
Վլադիմիր Պուտին և Անգելա Մերկել, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կիրակի առավոտյան մեկօրյա այցով Մոսկվա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի գերեզմանին։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը և Մերկելը հանդիպել են Ալեքսանդրովսկի այգում, որտեղ նրանց ողջունել է Պատվո պահակախումբը։ Ռուսաստանի և Գերմանիայի ազգային դրոշների գույներով ժապավեններով ծաղկեպսակների զետեղմանը հաջորդել է լռության րոպեն, այնուհետև զինվորական նվագախումբը կատարել է երկու պետությունների օրհներգերը։

Արարողության ավարտից հետո երկու երկրների ղեկավարները ուղղվել են Կրեմլ՝ բանակցությունների։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունների ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներկայումս առկա խնդիրները բացասաբար են ազդում Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունների վրա։

«Որքան շուտ այդ խնդիրները դադարեցնեն իրենց բացասական ազդեցությունը մեր հարաբերությունների զարգացման վրա, այնքան լավ կլինի։ Մենք կձգտենք դրան», - ասել է նա՝ հույս հայտնելով, որ հանդիպման ժամանակ իրենց կհաջողվի զրուցել Գերմանիայի և Եվրամիության հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ամենասուր հիմնախնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայում իրավիճակի մասին։

Գերմանիայի կանցլերը, հիշեցնենք, որոշել էր չմասնակցել Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված մայիսի 9-ի հանդիություններին Մոսկվայում, սակայն ավելի ուշ առաջարկել էր Ռուսաստանի նախագահին մայիսի 10-ին միասին հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG