Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։
«2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», կազմվել է քննչական խումբ:
Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, զինծառայողի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, փոխանցում է Քննչական կոմիտեն: