Մատչելիության հղումներ

Առուստամյանի պնդմամբ՝ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ


Առուստամյանի պնդմամբ՝ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00

«Ինձ ջարդեցին, թևերս ոլորեցին, հարվածներ էին անընդհատ հասցնում մեջքից», - պատմեց ակտիվիստ, լրագրողը։

Լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը պնդում է, որ երեկ, իրեն բերման ենթարկելիս, ոստիկանները բռնություն են գործադրել՝ հայհոյելով ու հարվածներ հասցնելով:

Առուստամյանը ոստիկանությունում անցկացրեց շուրջ երեք ժամ, միայն կեսգիշերին ազատ արձակվելով՝ ակտիվիստն «Ազատության»-ը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է Երևանի կենտրոնում՝ ոստիկանի սուլոցից, երբ ինքը հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսի ժամանակ անցել է փողոցը։

«Երբ հավասարվեցի ոստիկանին, ոստիկանը սուլեց ու ես վեր թռա ու ռեակցիա տվեցի էդ սուլոցին, ասացի՝ «ինչո՞ւ ես սուլում, է՛շ»: Ոստիկանի ռեակցիան. նախ՝ քաշքշում է ինձ, անմիջապես, առանց հարցի՝ բա «դու ինձ ասեցիր էշ», ու մի հատ կլիշեավորված տեքստ՝ մի հատ մեղադրանք՝ դու ոստիկանին վիրավորեցիր, դու ոստիկանին չես ենթարկվում, դու հանրային կարգ խախտեցիր, ու ես ուզում եմ գնամ, որովհետև հասկանում եմ, որ իմաստ չունի այս մարդկանց հետ խոսել, բայց քաշքշում է խուլիգանի պես՝ փողոցում», - «Ազատության»-ը պատմեց Առուստամյանը։

Քիչ անց, ըստ լրագրողի, մոտեցել են նաև այլ ոստիկաններ և հրաժարվելով ներկայանալ կամ ներկայացնել հիմքեր, թե ինչո՞ւ են ուզում իրեն բերման ենթարկել՝ ուժի գործադրմամբ նստեցրել են ոստիկանական մեքենա։

«Կնոջ նկատմամբ այդ զազրելի, ֆիզիկական ուժի կիրառությունը, հոգեբանական շատ ծանր հարված է մարդուն, որին ուղղակի առևանգում են։ Ինձ ջարդեցին, թևերս ոլորեցին, հարվածներ էին անընդհատ հասցնում մեջքից՝ բռունցքով խփում են, կսմթում են, հարվածում են։ Ձեռնաշղթաները շատ ձիգ կապեց, այնքան ձիգ, որ ձեռնաշղթայի բանալին կոտրվեց: Ոտքերս էին ծալել մեքենայի մեջ՝ հայհոյելով, լկտի հայհոյանքներ», - ասաց Առուստամյանը։

Նրա խոսքով, ոստիկանատանը մի քանի ժամ ստիպված է եղել մնալ ձեռնաշղթաներով, մինչև Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ խումբը կոտրել է դրանք:

Ոստիկանությունն առայժմ միայն հաստատում է, որ Գայանե Առուստամյանի նկատմամբ իրականացվել է «վարչական բերում»՝ կազմվել է արձանագրություն ոստիկանին վիրավորելու համար:

Լրագրողի պնդմամբ՝ ոստիկանն ինքն է ապօրինություն թույլ տվել՝ առանց պատճառի սուլելով։ «Ոստիկանը, որն ամենալկտին էր իրեն պահել ինձ հետ, չէր կարողանում փաստաթուղթը լրացնել, և նրան մի հինգ անգամ թելադրեցին, հետո պատռեցին թուղթը, որպեսզի մի կերպ ձևակերպվի, որ ես իրեն, իբր, վիրավորել եմ», - ասաց Առուստամյանը։

Լրագրողն, իր հերթին, հաղորդում է տվել հանցագործության մասին, վաղը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվելու, մինչ այդ, արդեն դիմել է բժշկի, ըստ եզրակացության, ունի սալջարդերի հետքեր, կապտուկներ:

Երեկ՝ բերման ենթարկվելիս, մինչև իրավապահները կվերցնեին հեռախոսը, լարգրողը հասցրել է զանգահարել իրավապաշտպան Արթուր Սաքունցին, ում գնահատմամբ, ոստիկանների գործողություններն ամբողջությամբ ապօրինի են եղել, թեկուզ ձեռնաշղթայի կիրառումը։

«Վնասազերծում են այնպիսի մի վտանգավոր հանցագործի, որը կարող է վնաս հասցնել քաղաքացիներին՝ սպորտային, կամ հատուկ հնարքներ տիրապետող անձ է», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով, ոստիկանական այս բռնությունները վկայում են, թե որքանով է քաղաքացին իրեն ապահով զգում Սերժ Սարգսյանի հայտարարած ապահով Հայաստանում։

«Լիսկայի տղայի կողմից ակնհայտ հանցագործության կատարման վերաբերյալ զոհի՝ տուժածի հարազատների, ծնողների կողմից ահազանգի փաստ, և դրա նկատմամբ ոստիկանության անգործություն, կամ, ասենք թե, նույն՝ իրենց ոստիկանության աշխատակցի՝ Օսիպովի եղբոր որդու՝ ինն ամիս չհայտնաբերելու հանգամանքը, որն, ըստ էության, ձեռ է առնում՝ ինքն է որոշում, թե երբ գա ոստիկանություն, հանձնվի, թե չհանձնվի, այսինքն, այս պարագայում, Գայանեի նկատմամբ այս կատարվածը ուղերձ է նաև հանրությանը վախի մթնոլորտը արմատավորելու», - ասաց իրավապաշտպանը։

Առուստամյանն է հավելեց. - «Այլևս, որպես Հայաստանի քաղաքացի, ես ինձ անպաշտպան եմ զգում, ես ուղղակի հուսահատված եմ, որովհետև ցանկացած քաղաքացի, ցանկացած կին, երեխա, ցանկացած մեկը Հայաստանում կարող է ուղղակի բռնության ենթարկվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG