Ադրբեջանի իշխանությունները որոշել են վերանայել լրագրողների ցանկը, ովքեր հավատարմագրվել են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը լուսաբանելու համար։
Սահմանափակումներ կմտցվեն այն լրագրողների նկատմամբ, ովքեր «Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական և հայամետ դիրքոշում ունեն»։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական contact.az պարբերականը՝ հղում անելով «Ենի Մուսավաթի պաշտոնաթերթին։ «Ենի Մուսավաթը» չի նշում այս տեղեկատվության աղբյուրը՝ պնդելով, որ խոսքը գնում է Գերմանիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Բելգիայից, Նորվեգիայից և Շվեդիայից մի խումբ լրագրողների մասին։
Թերթը նաև պնդում է, որ իշխանություններն ուսումնասիրում են այդ լրագրողների՝ Ադրբեջանի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև հնարավոր կապը Human Rights Watch և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ:
«Ենի մուսավաթը» նշում է, որ «կասկածելի վարքով» 100 լրագրողներ են ի հայտ բերվել, ովքեր «կանխակալ մոտեցում ունեն Ադրբեջանի նկատմամբ»։ Սպասվում է, որ այդ լրագրողներին թույլ չի տրվի լուսաբանել Եվրոպական խաղերը։
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիմքեթ Հաջիևը «Թուրան» գործակալության հետ զրույցում հերքել է այդ պնդումները։