Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակ․ Օրակարգում Կառավարության, վարչապետի փոփոխության հարց դրված չէ


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է նաև, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ: Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին լրագրողներին հայտնեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Սարգսյանը ԱՄՆ-ում կլինի մայիսի 7-ին, որից հետո կմեկնի Մոսկվա, մանրամասնեց Շարմազանովը․ - «Ամսի 8-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, իսկ ամսի 9-ին կմասնակցի արդեն Երկրորդ աշխարհամարտում մայիսի 9-ի Մեծ հաղթանակի միջոցառումներին»:

Հարցին՝ արդյոք նախատեսվա՞ծ է Սերժ Սարգսյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կամ այլ պաշտոնյաների հետ, և ԱՄՆ-ում ի՞նչ միջոցառումների է մասնակցելու նա, Շարմազանովը պատասխանեց, որ Հայաստանի նախագահը ԱՄՆ-ում հանդիպումներ ունենալու է, սակայն մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այդ մասին կտեղեկացնի նախագահի մամուլի ծառայությունը:

«Լրատվամիջոցները գրում են, որ առաջիկայում հնարավոր է վարչապետի ու Կառավարության կազմի փոփոխություն, ի՞նչ կարող եք ասել», - «Ազատության» այս հարցին ՀՀԿ-ի խոսնակը արձագանքեց․ - «Օրակարգում Կառավարության փոփոխության, վարչապետի փոփոխության հարց ընդհանրապես դրված չի: Օրակարգում դրված է՝ բարեփոխումներ իրականացնել, որպեսզի մեր խնդիրները լուծել՝ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքին քաղաքական»:

«Ազատության» մեկ այլ հարցի էլ, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում համաներում հայտարարվի, և «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամները նույնպես համաներմամբ ազատ արձակվեն, Շարմազանովը պատասխանեց․ - «Ազգային ժողովի նախագահը համաներման հետ կապված Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխան տվել է, ես ավելացնելու բան չունեմ: Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հետ կապված հարցին, ապա դա բացառապես իրավական խնդիր է, և ես իրավական խնդիրներին քաղաքական մեկնաբանությամբ հանդես չեմ գալիս»:

Դիտարկմանը, թե Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մտահոգություն է հայտնում, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները հետապնդվում են իրենց խաղաղ քաղաքական հայացքների համար, և կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիրներին, ՀՀԿ-ի խոսնակը այսպես արձագանքեց․ - «Ես ընդունում եմ քաղաքական բազմակարծությունը և Human Rights Watch-ի՝ կարծիք արտահայտելու իրավունքը, բայց ես ունեմ իմ կարծիքը և կարող եմ ասել, որ դա իրավական խնդիրներ են, և ես Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չեմ տեսնում: Իսկ պարոն Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված խնդիրը իրավական խնդիր է և պետք է դիմել դատական իշխանություններին՝ այստեղ քաղաքական իշխանությունները անելիք չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG