Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին կլինի ԱՄՆ-ում: Հարցին, թե ինչ հանդիպումներ կունենան Սարգսյանը Միացյալ Նահանգներում, Շարմազանովը պատասխանեց, որ այդ մասին կհայտնի նախագահի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ից հետո Սարգսյանը կմեկնի Մոսկվա, որտեղ մայիսի 8-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի առթիվ կազմակերպված միջոցառումներին:
Անդրադառնալով հարցին, թե մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ հնարավոր են վարչապետի և կադրային փոփոխություններ՝ Շարմազանովն արձագանքեց․ - «Մեր օրակարգում նման հարց չկա»:
Իսկ դիտարկմանը, թե Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մտահոգություն է հայտնում, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետապնդվում են իրենց խաղաղ քաղաքական հայացքների համար, Շարմազանովն արձագանքեց, որ հարգում է բազմակարծությունը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և որ Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված խնդիրը իրավական խնդիր է:
Սարգիս Հարությունյան