Ազատազրկված Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Պավլիկ Մանուկյանի նկարները հաշված ժամեր, եթե ոչ նույնիսկ րոպեներ մնացին Հյուսիսային պողոտայի հարակից շենքերի վրա:
«Հակահարված» արթ խմբի այս հերթական նախաձեռնությունը կարճ կյանք ունեցավ, վաղ առավոտյան պատերից ջնջված էին բոլոր պատկերները, Շանթի նկարի տեղում նույնիսկ պատի ծեփերն էին պոկված:
«Հակահարված» խմբի անդամ Արտակ Գևորգյանի համար անակնկալ չէր իրենց աշխատանքների հետքերը գետնին թափված տեսնելը։
«Մի քանի րոպեի արվեստ է սա, երբ իմանում են, գալիս պոկում են։ Սա կոնկրետ շարք էր, առաջինը, որ արեցինք, Պավելինն էր, ոստիկանները իմացել, եկել էին հետևիցս։ Ասացի, որ էլի ենք անելու, չենք սահմանափակվում։ Իրենք ուղղակի ինֆոյի համար էին եկել, իբր ընկերական»,- պատմում է Գևորգյանը։
«Հակահարված» խմբում վստահ են, որ անձամբ ոստիկաններն են ոչնչացնում իրենց աշխատանքները։ Արտակ Գևորգյանը պատմեց, որ նկարները պատերին դաջելիս տեղում արդեն տասնյակ իրավապահներ են եղել.- «Կենտրոնի բաժնի ոստիկաններ էին, իրենք ասել են, որ «կոնկրետ մեզ համար մեկ է, սիրուն գործ է, ուղղակի ասում են, անում ենք»։ Երբ Շանթինն էինք անում, հենց այդ օրը էստեղ սփյուռքահայերն ու տուրիստները քայլում էին, հարցրեցին՝ էս ի՞նչ է, ասացինք, որ քաղբանտարկյալ է։ Զարմացել էին, որ Հայաստանում քաղբանտարկյալ կա»։
«Հիմնադիր խորհրդարան»-ում չեն հավատում, թե իշխանությունները կնահանջեն՝ հաշվի առնելով, որ ապրիլի 24-ն արդեն անցել է։ Գագիկ Սարուխանյանի գնահատմամբ՝ այսպիսի ծանրության շինծու մեղադրանքները պատահական չեն։
«Ի՞նչ հույս կարելի է ունենալ այս իշխանություններից, եթե լայնածավալ, 28 քննիչներից բաղկացած քննչական խումբը շարունակում է բերել վկաներին, ցուցմունքներ վերցնել, այսինքն բուռն կերպով շարունակվում է գործողությունը»,- ասաց Սարուխանյանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը շարունակում է՝ Սեֆիլյանի ու ընկերների ազատ արձակվելու հարցում էական է՝ արդյոք իշխանությունը ցանկանում է վրեժ լուծել։
«Երբ իշխանությունը կբավարարի իր վրեժխնդրության կիրքը, այն ժամանակ էլ նրանց ազատ կարձակեն։ Անտանելի, անհնարին պայմաններ, և որևէ մեկը չի մտածում դրա մասին... եթե կան ընդդիմախոսներ, նրանց պետք է փակել»,- նշեց իրավապաշտպանը։
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ տասնօրյա հացադուլն ավարտելուց հետո Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել է նոր բանտախուց։ Այսօր նրան է այցելել հասարական դիտորդական խումբը ու պնդում է, որ նոր խցային պայմաններն առավել բարենպաստ են, քան նախկինում: Ինչ վերաբերում է իրավապաշտպանների մտահոգություններին, թե Գևորգը կալանավայրում բռնության է ենթարկվել ու ստիպված է հացադուլի անցել, որպեսզի մեկուսարան տեղափոխվի, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր հայտարարեց, որ այժմ ստուգվում է այդ տեղեկության ճշմարտացիությունը։
«Այս հարցը իմ անձնական ուշադրության կենտրոնում է։ Ես ոչ միայն քրեակատարողական վարչությունից եմ ինֆորմացիա ստանում սրա վերաբերյալ, այլ նաև իմ վերահսկողական ծառայության աշխատակիցներն են եղել այնտեղ, իրավիճակը ստուգել։ Այն, որ երեկ որոշակի փոփոխություն տեղի ունեցավ, և Գևորգ Սաֆարյանը դուրս եկավ հացադուլից, նաև այս աշխատանքների արդյունքն էր։ Ես խնդրի [ծեծի] վերաբերյալ դեռևս բավարար ինֆորմացիա չունեմ»,- ասաց Մանուկյանը։
Ժաննա Ալեքսանյանը «ձևական» է համարում նախարարի հայտարարությունը.- «Պաշտոնը ստանձնելուց ի վեր նախարարը միայն ապացուցել է, որ իշխանությանը հաճո քայլեր է անում։ Ես չեմ վստահում, որ նախարարը ինչ-որ բան կբացահայտի քրեակատարողական հիմնարկի ներսում, որտեղ ակնհայտորեն այդ բռնությունը տեղի է ունեցել, անտանելի պայմաններում են տեղավորել այդ փայլուն երիտասարդին»։
Մինչ այդ «Հիմնադիր խորհրդարան»-ն է փորձում քաղաքային իշխանություններից Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալ, առայժմ ապարդյուն։ Առնվազն մինչև մայիսի 10-ը Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է հրապարակը տրամադրել ընդդիմադիր շարժմանը:
Գագիկ Սարուխանյանը վստահեցնում է՝ այս ճնշումները չեն վիժեցնի իրենց շարժումը, բայց ընդունում է՝ որոշակի նահանջ կա.- «Պետք է ազնիվ լինենք թե մեր քաղաքացիների, թե ինքներս մեզ հետ։ Այնպիսի մարդկանց են կալանավորել, ովքեր իրոք մեր առաջնորդներն էին։ Դուք տեսեք ինչ հզոր ճնշում կա «Հիմնադիր խորհրդարան»-ի նկատմամբ, միայն թե համախմբման այս գաղափարը ժողովրդի մեջ չտարածվի»։