Սերժ Սարգսյանի համոզմամբ, Ցեղասպանության ժխտումը կարող է ազգային ատելության նոր ալիք բարձրացնել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջացառումներից մեկի՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի բացմանը Սերժ Սարգսյանն անուղղակի դիմեց Թուրքիայի իշխանություններին․- «Ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման և հենց բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է: Ցեղասպանության ժխտումը նաև ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է անհանդուրժողականությամբ և իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարրալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում»:
Միաժամանակ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե միջազգային հանրության հետևողականությունն ու վճռականությունը բավարար չի եղել ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ժխտողականության բացառման գործում․ - «Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը»:
Մարզահամերգային համալիրում անցկացվող Համաժողովի ամենաբարձրաստիճան հյուրը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իր ելույթում անձամբ Սերժ Սարգսյանին դիմեց․ - «Պարոն նախագահ, ես Ձեզ հետ եմ»:
Եվրոպացի պաշտոնյան հայտարարեց՝ միջազգային հանրությունը դեռ չափից շատ է հապաղում․ - «Քաղաքականությունը խանգարում է կարեկցանքին: ՄԱԿ-ի կանոնադրությունը պատասխանատվությունը վերապահել է ընդամենը մի քանի պետություններին, որոնք նստած են անվտանգության խորհրդի կազմում, կարծես դեռևս 1945 թվականում ապրելիս լինեն, բայց այդպես չէ: Հիմա 2015 թվականն է և բոլոր պետություններն ունեն պատասխանատվություն կանխելու անմեղ մարդկանց նկատմամաբ մարդու իրավունքների դաժան խախտումները, բայց երբ իրենք չեն կարող կամ չեն ցանկանում, ապա մենք պետք է միջամտենք, պարտավոր ենք միջամտել»:
Թորբյորն Յագլանդը շեշտում էր, որ Ֆրիտյոֆ Նանսենի հայրենակիցն է:
«Բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն», - Երևանիցգործընկերներին ուղերձ հղեց նա: Հույս հայտնելով, որ առաջիկայում Հայաստանը կհաշտվի հարևանների հետ՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը մատնացույց արեց հայ-թուրքական սառեցված արձանագրությունները:
«Եթե կա առիթ՝ վերադառնալու 2009 թվականի արձանագրություններին՝ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման մասին, ապա հիանալի կլինի, որ նման հնարավորություն լինի: Երկու կողմերին կոչ եմ անում այդ հնարավորությունը բաց չթողնել: Եվրոպայի խորհուրդը պատրաստական է սատարելու այս երկխոսությանը հնարավոր բոլոր ձևերով: Դուք նստում եք նույն սեղանի շուրջ և 100 տարվա հակամարտությունը, հուսով եմ, չի ջնջի հազարավոր տարիների խաղաղ գոյակցության պատմությունը», - հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղարը:
Ֆորումի շրջանակում Յագլանդը նաև առանձին հանդիպեց Սերժ Սարգսյանին: Պաշտոնական լրատվությունը բավական սուղ տեղեկություն է փոխանցում բանակցությունների մասին:
Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից հետաքրքրվեցինք՝ նախագահի հետ քննարկե՞լ է Ժիրայր Սեֆիլյանի և համախոհների կալանավորման հարցը: Եվրոպացի պաշտոնյան, սակայն, ասաց, որ չի կարող հանդիպման մանրամասներ ներկայացնել:
Միաժամանակ Յագլանդը հաստատեց, որ տեղյակ է Սեֆիլյանի կալանավորման մասին՝ անպատասխան թողնելով «Ազատության» մեկ այլ հարց, արդյոք Եվրոպայի խորհուրդը մտահոգություններ ունի այս հարցում: