Մատչելիության հղումներ

Թուրքիան հետ է կանչում Ավստրիայում իր դեսպանին


Չորեքշաբթի օրը պաշտոնական Անկարան հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց ու դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի արտգործնախարարությունը նաև հայտարարություն է տարածել, Ավստրիայի խորհրդարանին մեղադրելով պատմական և իրավական փաստերը խեղաթյուրելու մեջ։

«Մինչ Ավստրիայի խորհրդարանի ընդունած միացյալ հայտարարությունում շեշտադրվում են քրիստոնյաների կրած տառապանքները, այստեղ խոսք անգամ չկա այն մահմեդականների մասին, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմում, և դա պարզապես կրոնական հողի վրա խտրականության հերթական օրինակ է», - ասվում է հայտարարությունում։

Թուրքիայի արտգործնախարարությունը ևս մեկ անգամ կրկնել է իր դիրքորոշումն այն մասին, որ տեղի ունեցածը ցեղասպանություն չէ և հավելել, որ Ավստրիայի խորհրդարանի «ընտրովի և միակողմանի» մոտեցումը 1915 թվականի իրադարձություններին կարող է վտանգել երկու երկրների հարաբերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG