Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը չի հիշում, որ խոստացել էր փոխհատուցել Հեպատիտ C-ով հիվանդների ծախսերը


Սյունիքի մարզպետը չի հիշում, որ խոստացել էր փոխհատուցել հեպատիտ C-ով հիվանդների ծախսերը
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00

Քաջարանի բժշկական կենտրոնում անցած տարեվերջին Հեպատիտ C-ով վարակվածների թիվը հասել է 16-ի, ընդ որում, բոլորի մոտ հիվանդության սուր վիճակը դարձել է քրոնիկական, ինչը նշանակում է, որ կա նաև լյարդի ցեռոզի և քաղցկեղի հավանականություն։

Չնայած դեպքից ամիսներ են անցել, հարուցված քրեական գործում, սակայն, կասկածյալներ ու մեղադրյալներ դեռ չկան։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ազատության»-ն ասաց, որ փորձաքննություններ են նշանակվել, եզրակացությունները, դեռ պատրաստ չեն։

Քաջարանի բժշկական կենտրոնի փոխտնօրենը միայն վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Արդեն նախկին տնօրենը Հայաստանում չէ, Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ծաղիկ Վարդանյանի խոսքով, դիմում է գրել և հեռացել:

«Մենք բուժվարչության պետին հարցրինք ղեկավարին հարցրեցինք, բացատրեց, որ ինքը եղել ա արձակուրդում, հետո վերապատրաստման մեջ, և վերջերս դիմումը գրել, դուրս է եկել, և արդեն նոր տնօրեն է նշանակված», - ասաց Վարդանյանը։

Հիվանդանոցի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը Սյունիքի ոստիկանապետի եղբայրն է։ Մամուլը գրում է, որ նա պատասխանատվությունից խուսափել է, քանի որ իշխանությունների հովանավորությունն է վայելում:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, չցանկացավ անդրադառնալ այս հարցին․ - «Չգիտեմ ինչի մասին եք խոսում, ես էլ «Ազատության»-ը ասելու բան չունեմ»։

Երբ նորից զանգահարեցինք և հիշեցրինք, որ մարզպետը նախկինում «Ազատության» հետ զրույցում խոստացել էր անձամբ փոխհատուցել հիվանդների ծախսերը, եթե կարիք լինի, Խաչատրյանն ասաց․ - «Ես շատ ծանր հիշողություն ունեմ, չեմ հիշում՝ ինչ եմ ասել, եթե ուզում ես հարցերիդ պատասխանեմ, գրավոր ուղարկիր»։

Հիշեցնենք, որ մարզպետը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր․ - «Գիտեմ, որ թանկարժեք բուժում է, մարզպետարանը հիմա ֆինանսներ չունի, բայց, եթե դրա կարիքը լինի, ես ինքս բուժման ծախսերն ինձ վրա կվերցնեմ»:

Մինչդեռ վարակակիրները ֆինանսական մեծ ծախսերի առջև են կանգնած: Եթե սուր վիճակը բուժվում է պետպատվերի շրջանակներում, ապա քրոնիկականի դեպքում անհրաժեշտ է տարեկան 5-ից 20 հազար դոլար։

Հիվանդների մեծ մասը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներ են։

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով, կոմբինատի տնօրինությունը փոխհատուցել է նրանց հետազոտության ծախսերը և ըստ նախնական պայմանավորվածության, կվճարի նաև հետագա բուժման համար։

16 հիվանդներից մեկը բուժաշխատող է, չներկայանալու պայմանով նշեց, որ ստիպված է բուժման համար հովանավոր փնտրել․ - «Գիտեք՝ իմ մեղավորությունը ինչում կարող է լինել էդտեղ, իմ մեղավորությունը նրանում ա, որ ինքս ինձ չեմ պաշտպանել»։

Բժշկական կենտրոնի վիրահատարանն այժմ կրկին գործում է։ Սյունիքի մարզպետարանում համոզված են, որ բուժհաստատությունում խնդիրներ այլևս չկան։ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը դժվարացավ նշել, թե այս ընթացքում մարզպետի հրամանով ստեղծված հատուկ աշխատանքային խումբը տեղում ինչ խախտումներ է հայտնաբերել, բայց հավաստիացրեց՝ դրանք արդեն վերացվել են։

«Այսօր բոլոր տեսակի թերությունները շտկված են և Քաջարանի բժշկական կենտրոնը ես կասեմ զուտ սանիտարահիգիենիկ նորմերի տեսանկյունից երևի այսօր Հայաստանում ամենաօրինակելի հիվանդանոցն է։ Այն պահանջները, որ ներկայացվում են, այդ ամենը արտացոլված է նրանց աշխատանքի մեջ», - ասաց Գևորգյանը։

Ի դեպ, 2014-ին Քաջարանի բժշկական կենտրոնում 191 հիվանդ է վիրահատվել, ովքեր նույնպես հնարավոր է, որ վարակված լինեն Հեպատիտ C-ով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG