Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Գերմանիայի խորհրդարանում քննարկվող Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի կապակցությամբ։
Ըստ գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականի, Դավութօղլուն որպես փաստարկ մասնավորապես նշել է, թե ցեղասպանություն տերմինը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի նկատմամբ չի կարող կիրառվել, քանի որ այդ տերմինը միջազգային իրավունքում ընդունվել է միայն Երկրորդ աշխարհամարտից հետո։
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել ցեղասպանություն բառը օսմանյան Թուրքիայի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձևում, և Կառավարությունը սատարում է կառավարող կուսակցությունների մշակած նախագծին: Փաստաթուղթը կքննարկվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին։