Շատ կարևոր է հասկանալ, որ եվրոպական երկրներն այսօր օգտագործում են ցեղասպանություն եզրը՝ Թուրքիային պատժելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով, թե ինչու են այս տարի եվրոպական երկրներն ավելի համարձակ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս:
Այդուհանդերձ, Կիրակոսյանը կարծում է, որ այդ նպատակով ցեղասպանության եզրն օգտագործելիս ինչ-որ կերպ արժեզրկվում է այդ բառի նկատմամբ ունեցած բարձր բարոյական դիրքորոշումը:
Հարցին, թե ի՞նչ զարգացումներ է ակնկալում ԱՄՆ-ում առաջիկա օրերին, քաղաքական փորձագետն ասաց՝ Հայաստանի համար չպետք է կարևոր լինի՝ ինչ կասի նախագահ Բարաք Օբաման հայերի հետ տեղի ունեցածի վերաբերյալ:
«Մեզ պետք չէ, որպեսզի ամերիկյան Կոնգրեսն ասի, որ գիտեք ինչ կա՝ եղել է Ցեղասպանություն, թե՝ ոչ։ Մենք գիտենք, որ դա այդպես է, և այս պահին գոյություն ունի պարզապես վակուում, բարոյական պակասուրդ Վաշինգտոնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով: Սակայն դա Հայաստանի համար կորուստ չէ, դա պարզապես վատ է Վաշինգտոնի համար, և պետք է հասկանանք, որ երբ կլինի այն ժամանակը, երբ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, այդ ժամանակ դա Ամերիկայի կառավարության համար մեծ խայտառակություն կլինի, որովհետև կպարզվի, որ նրանք Ցեղասպանության ճանաչման հարցում երկու քայլ հետ են: Այլ կերպ ասած՝ ես վստահ եմ, որ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը, և երբ որ նա դա անի, այդ ժամանակ Ամերիկայի համար դա լուրջ խնդիր կլինի», - շեշտեց Կիրակոսյանը։
Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել ցեղասպանություն բառը, և երկրի Կառավարությունը հայտարարել է, որ սատարում է կառավարող կուսակցությունների մշակած նախագծին:
Ավստրիայի խորհրդարանում էլ ներկայացված վեց կուսակցությունները փոխհամաձայնության են եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության շուրջ:
Փորձագետի կարծիքով՝ Եվրամիության հզորագույն անդամ երկրներն այս պահին հանդես են գալիս Ցեղասպանության ճանաչման օգտին դիրքորոշումներով, ինչը լրացուցիչ ճնշում է Թուրքիայի վրա:
«Մենք գործ ունենք Եվրամիություն - Թուրքիա հարաբերությունների հետ», - ասաց Կիրակոսյանը։
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի կունենա ապրիլի 24-ից հետո», - խոսելով հայ - թուրքական հետագա հարաբերությունների մասին՝ ասաց Կիրակոսյանը, նշելով. - «Սպասվում է հունիսին թուրքական պատվիրակության այց ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստան, մենք էլ, իհարկե, որոշակի պարտավորություններ ունենք՝ հասկանալու, որ Հայաստանում ապրիլի 24-ին և դրանից հետո մենք ունենք տնտեսական, սոցիալական խնդիրներ, և Հայաստանը, որպեսզի ունենա բարոյական իր արժեքը, պետք է ավելի ուժեղ ժողովրդավարական պետություն լինի, ունենա ավելի ուժեղ տնտեսական զարգացում, որպեսզի չկորսվի այս պահը, որ կա Ցեղասպանության ճանաչման առումով», - հայտարարեց փորձագետը։