Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 18-21-ը կայցելի Վաշինգտոն:
Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ այցի ընթացքում Չավուշօղլուն ջանքեր կգործադրի՝ ազդելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ տան պաշտոնական հայտարարության ձևակերպումների վրա, մասնավորապես՝ հորդորելու պաշտոնական Վաշինգտոնին չօգտագործել ցեղասպանություն բառը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունենալու, մասնավորապես, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսի, Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելի հետ, լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանջու Բիլգիչը:
Ըստ նույն աղբյուրի, երկու օր առաջ էլ Թուրքիա է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ բանակցելու Չավուշօղլուի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Բանակցությունների օրակարգը Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը չի հրապարակել՝ ասելով միայն, թե դրանք «կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների» շրջանակում են: