Մատչելիության հղումներ

Փաստաբանները ՀԽ-ի անդամներին ներկայացված մեղադրանքները անհիմն են համարում


Փաստաբանները ՀԽ-ի անդամներին ներկայացված մեղադրանքները անհիմն են համարում
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Լուսինե Հակոբյանի կանխատեսմամբ, իշխանությունները կհրաժարվեն այս մեղադրանքից:

Կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի ու համակիրների փաստաբանները հայտարարում են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ապացույց, հիմնավորում, թե «Հիմնադիր խորհրդարան»-ը պատրաստվել է զանգվածային անկարգություններ կազմակերպել: Իրավաբանները պնդում են, որ ընդդիմադիրները հետապնդվում են քաղաքական հայացքների համար, գործը շինծու է:

Արա Զաքարյանը վկայակոչում է խուզարկության արձանագրությունը, որը կազմել են շուրջ երեք տասնյակ քննիչներ:

«Հայտնաբերվել և առգրավվել են փայտյա, մետաղյա ձողեր, թուրեր, էլեկտրաշոկ և նմանատիպ այլ առարկաներ: Յուրաքանչյուր նմանատիպ առարկաներ, հավաստիացնում են ձեզ, ցանկացած անձնավորության բնակարան մուտք գործելուց հնարավոր է հայտնաբերել: Որևիցե տրամաբանական կապ չկա այդ ամենը հայտնաբերելու և ասելու, որ սա նախապատրաստական աշխատանքներ էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար», - ասաց փաստաբանը:

Փաստաբանի փոխանցմամբ, այս քրեական գործը հարուցվել է դեռ փետրվարին, մինչդեռ ապրիլի սկզբին քաղաքապետարանն արտոնեց «Հիմնադիր խորհրդարան»-ի ապրիլքսանչորսյան հանրահավաքը «Էրեբունի» թանգարանի մոտ: Արա Զաքարյանը մեջբերում է «Հավաքների ազատության մասին» օրենքից՝ առանց իրավապահների հետ քննարկելու` քաղաքային իշխանություններն իրավունք չունեն զանգվածային միջոցառման թույլտվություն տալ:

«Եթե կային այդպիսի հանցագործության հատկանիշներ մեր պաշտպանյալների գործողություններում, ինչո՞ւ են թույլ տալիս, որպեսզի իրականացնեն միջոցառում», - հարց բարձրացրեց Զաքարյանը:

Ձերբակալվածներից միայն «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը չկալանավորվեց, իրավապահները նրան ազատ արձակեցին գրավի դիմաց: Փաստաբան Տիգրան Եգորյանը հիշեցրեց՝ նրա հարևանի տան կտուրում էին նռնակ գտել:

«Հանձնարարության ոչ պատշաճ և ոչ լիարժեք կատարման օրինակ է, երբ պետությունը քաղաքական հետապնդման շրջանակներում ինչ-որ մի սցենար է նախանշում, որը կատարողների անփութության պատճառով ձախողվում է», - ասաց Տիգրան Եգորյանը:

Փաստաբանները բողոքարկում են կալանքի որոշումները: Տիգրան Եգորյանը, սակայն, ասաց՝ քիչ հույսեր կան, որ վերաքննիչ ատյանն էլ արդեն պատրաստի որոշումներ չունի դարակում․ - «Բոլորի կալանավորման որոշումները գրվել են 25-40 րոպեի ընթացքում, մոտավորապես 8-10 էջանոց որոշումներ, ինչը ֆիզիկապես անհնար է, և սա ակնհայտ է դարձնում այն, որ էս որոշումները ևս նախապես սևագրվել էին»:

Մինչ այդ, Շուշին ազատագրած Սեֆիլյանն ու ընկերները զրկված են նաև հարազատներին տեսնելու, հեռախոսով խոսելու և օրվա լուրերին հետևելու հնարավորությունից:

Փաստաբանները չեն ընդունում քննչական մարմնի հիմնավորումը, թե տեսակցությունները կարող են խոչընդոտել նախաքննությանը: Ի վերջո, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարող են հետևել այդ հանդիպումներին:

«Նախաքննության մարմինը, պետությունը փորձում է ուղղակի լրացուցիչ ճնշում գործադրել, լրացուցիչ ուժի կիրառում է, որի իրավաչափ նպատակը բացակայում է», - ասաց Եգորյանը:

«Քրեական հետապնդման մարմինը նման եղանակով ցանկանում է ուղղակի հոգեբանական ճնշումներ գործադրել մեր պաշտպանյալների ու նրանց ազգականների վրա, լրացուցիչ ցավ պատճառել», - ընդգծեց Արա Զաքարյանը:

Զանգվածային անկարգությունների նախապատրաստման հոդվածը, հիշում են փաստաբանները, գործնականում կիրառվել է միայն ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հալածանքը հիմնավորելու համար:

Լուսինե Հակոբյանը հիշեցրեց, որ Սեֆիլյանը իշխանությունների թիրախում է վերջին 10 տարիներին․ 2006 թվականին նա մեղադրվում էր Սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր հնչեցնելու, ապօրինի զենք պահելու մեջ, այսօր կա այդ գործով Եվրոպական դատարանի վճիռը, որով պետությունը Սեֆիլյանին փոխհատուցեց 6 հազար եվրո:

Փաստաբանը կանխատեսում է՝ ինչ-որ պահից իշխանությունները կնահանջեն․ - «Կարելի է կանխատեսել, որ այդ մեղադրանքից իշխանությունները հրաժարվելու են, եթե չհրաժարվեն, ապա ակնհայտորեն մենք ունենալու ենք ևս մի վճիռ Հայաստանի Հանրապետության դեմ, և դրա բացասական հետևանքները կրելու է ինչպես պետությունը, որը էլ ավելի է հեղինակազրկվում այդ բոլոր վճիռների արդյունքում, այլև մենք՝ հարկատուներս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG