Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը շանտաժ է որակում ԲՀԿ-ի Գորիսի կառույցի ղեկավարի պնդումները


Սյունիքի մարզպետը շանտաժ է որակում ԲՀԿ-ի Գորիսի կառույցի ղեկավարի պնդումները
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շանտաժ է որակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանի այն պնդումները, թե իր ավագ որդին սպառնալիքներ ու հայհոյանքներ է հնչեցրել Հակոբյանի հասցեին։

Նախօրեին Ռոբերտ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում պատմել էր, որ ապրիլի 5-ին մարզպետի ավագ որդին՝ Տիգրանը նախ ավտոմեքենայով հետապնդել է իրեն, ապա սպառնացել ու հայհոյել։

«Ինձ հետապնդել են երկու մեքենաներ։ Հասնելով ինձ՝ 5-7 մետր տարածության վրա մեքենաները դանդաղեցրել են ընթացքը, և առաջին մեքենայից, իջեցնելով կողքի դռան ապակին, սպառնալիք և լկտի խուլիգանական հայհոյանքներ են տրվել իմ հասցեին: Սպառնալիքները՝ քեզ կսպանենք, սպանելու ենք, մորթելու ենք», - պատմեց Հակոբյանը՝ նշելով, որ կատարվածի մասին մանրամասներ է ներկայացրել ոստիկանությանը:

«Անմիջապես ընդունեցին հայտարարությունը: Ես բացատրություն տվեցի նաև դեպքի հետ կապված: Այսօրվա դրությամբ որևէ տեղեկություն չունեմ գործի ընթացքի վերաբերյալ: Իմ մասնակցությամբ, իմ ներկայությամբ որևէ գործողություն ոստիկանությունը չի իրականացրել», - հավելեց նա:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Հակոբյանն աբուսրդ է որակում մարզպետի պնդումները շանտաժի մասին․ - «Շանտաժ եմ անում, որ Ավետիք և Արտակ Բուդաղյանների նկատմամբ իր և որդու կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն) իրականացված հանցագործության մասնակիցը դարձնեն նաև ի՞նձ: Շանտաժ եմ անում, որ վերջին 15 տարվա ընթացքում իր կողմից պետությունից թալանված հարյուր միլիոնավոր դրամների ունեցվածքի մի մասը հատկացնի ի՞նձ: Որոնց վերաբերյալ հիմնավոր անթիվ հրապարակումներ, հայտարարություններ են եղել մամուլում և լրատվական կայքերում»:

Բացի ոստիկանությունից, Ռոբերտ Հակոբյանը դեպքի մասին տեղեկացրել է նաև ԲՀԿ-ի ղեկավարությանը։ Կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանն առայժմ զերծ է մնում տեղի ունեցածին գնահատականներ տալուց․ - «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այդ հարցը ամենայն լրջությամբ․ ամենայն ուշադրությամբ քննվի, և հասկանանք: Այս պահին ես չեմ կարող կոնկրետ գնահատականներ տալ կամ հնչեցնել կարծիքներ, քանի որ գործը գտնվում է ոստիկանությունում: Թող ոստիկանությունը տա պարզաբանումներ, հասկանանք ինչ է եղել, այն ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ը իր գնահատականը կտա անպայման»:

Ի դեպ, Ռոբերտ Հակոբյանը Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Բուդաղյանի ընտանիքի բարեկամն է։

Բուդաղյանների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը թեև խիստ բացասական է գնահատում տեղի ունեցածը, սակայն, առայժմ չի կարծում, որ միջադեպը կապ ունի Բուդաղյանների ընտանիքի բարեկամը լինելու հետ։

«Գրեթե համոզված եմ, որ Սյունիքի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկելու նրան պատժելու համար: Գրեթե համոզված եմ, որ այդ գործը, ինչպես և շատ ուրիշ գործեր, պարզապես կկոծկվեն: Սյունիքի ոստիկանության վերաբերմունքը Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հանդեպ ես տեսնում եմ թեկուզ հենց Բուդաղյանների գործից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG