Իրանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները 8 օր շարունակվող քննարկումներից հետո հինգշաբթի երեկոյան հայտարարեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին։
ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ սա կարևոր դիվանագիտական հաղթանակ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարդ և երկարատև բանակցություններում։
«Որպես նախագահ՝ իմ կարևորագույն նպատակը ամերիկյան ժողովրդի անվտանգությունն է: Այս բանակցությունների հաջող ավարտը մեծ քայլ է դեպի այդ անվտանգությունը», - հայտարարել է Օբաման:
Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ այս համաձայնագիրը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակները։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ սա նախագահ Օբամայի վարչակազմի և միջազգային համայնքի դիվանագիտական ջանքերի կարևորագույն հաղթանակն է։
«Այս համաձայնագիրը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի անվտանգությունը, դեռ ավելին՝ սա ամուր հիմք է, որը կերաշխավորի հետագա բանակցությունների արդյունավետ ընթացքը», - նշել է պետքարտուղարը:
Ըստ համաձայնագրի, Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը, իսկ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակները կերաշխավորվեն միջազգային հատուկ հանձնաժողովի պարբերաբար անցկացվելիք խիստ ստուգումների միջոցով։
Թե՛ Օբաման, թե՛ Քերրին շեշտել են, որ սա խոստումների վրա հիմնված համաձայնագիր չէ, հավելելով սակայն, որ սա կայուն հիմք է Իրանի միջուկային ծրագրի սպառնալիքի հաղթահարման ուղղությամբ։
Ծրագրի իրագործումը կընթանա փուլային հիմունքներով:
Ի պատասխան այս բանակցություններում գրանցված առաջընթացի՝ կդադարեցվեն Իրանի նկատմամբ հաստատված տնտեսական պատժամիջոցները, որոնց արդյունքում երկիրը հայտնվել էր տնտեսական ճգնաժամային իրավիճակում։
Այդուհանդերձ, պետքարտուղար Քերրին հավելել է, որ բանակցությունների ընդհատման և խախտման պարագայում պատժամիջոցները կրկին ուժի մեջ կմտնեն: