Մատչելիության հղումներ

Ռուս պատգամավորը հորդորում է սպասել՝ ԵՏՄ-ի օգուտները տեսնելու համար


Ռուս պատգամավորը հորդորում է սպասել՝ ԵՏՄ-ի օգուտները տեսնելու համար
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00

Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միության կայացումը տասնամյակներ չի տևի, բայց որոշակի ժամանակ պետք է անցնի միության օգուտները քաղելու համար։

Արձագանքելով ԵՏՄ-ի ընդդիմախոսներին, ովքեր կարծում են, որ միությունը ոչ կայացել է, ոչ էլ ապագա ունի, Սլուցկին Հայաստանի ազգային ժողովում հայտարարեց՝ ԵՏՄ-ի կայացումը րոպեական գործ չէ։ «Միությունը ճանապարհ պետք է անցնի, դա չնայած տասնամյակներ չի պահանջի, բայց ամիսներ, տարիներ կպահանջի, որ մեզ թույլ տա իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հազարավոր աշխատատեղեր կբացեն»,- ասաց նա։

«ԵՏՄ-ն նոր է գործարկվում, այն երեք ամսական երեխա է, ի՞նչ ապրանքաշրջանառություն»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ռուս պատգամավորը՝ ընդգծելով, որ միության երկրների միջև ապրանքաշրջանառության լայն ծավալների մասին առայժմ խոսելը վաղ է։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը իրենց երրորդ համատեղ նիստից հետո հայտարարությամբ վերահաստատեցին Եվրասիական տնտեսական միությունում տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Նիստին հետևած մամուլի ասուլիսում հանձնաժողովների նախագահներն ևս մեկ անգամ շեշտեցին, որ Եվրասիական տնտեսական միությունն արդեն իրողություն է, և որ այն գնում է դեպի զարգացում։

Լեոնիդ Սլուցկին ասուլիսում օրինակ բերեց Բելառուսի հետ զարգացող հարաբերությունները, նշեց, որ չնայած Հայաստանի հետ միությունը ընդհանուր սահման չունի, փոխարենը կա մեծ ցանկության՝ միասին անցնելու համագործակցության այդ ճանապարհը։ «Իրավիճակը կբարելավվի այս տարի, գուցե հետո։ Սա հստակ հաշվարկված ծրագիր է։ Ունի տնտեսական հիմք»,- ասաց ռուս պատգամավորը։

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, ռուսական կողմի հետ այս հարցերում համագործակցող հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, շարունակելով գործընկերոջ միտքը, հավելեց՝ ԵՏՄ-ում գործելու Հայաստանի մոտիվացիան չի փոխվել։

«Այդ տնտեսական հիմնավորումները առաջիկայում դառնալու են ավելի շոշափելի»,- ասաց Զաքարյանը։

Զաքարյանը հույս հայտնեց, որ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում ստեղծված դժվարությունները արագ կհաղթահարվեն, ինչն էլ նոր ազդակ կլինի հետագա համագործակցության համար։ Հայկական կողմը կրկին վերահաստատեց՝ ԵՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ թե պահի ազդեցության տակ է ընդունվել, այլ հիմնավոր է և այլ երկրների ու կառույցների հետ համագործակցության հաշվին չի իրականացվում։

Ռուսական կողմի ներկայացուցիչ Սլուցկին, կարևորելով Հայաստանի դերը ԵՏՄ-ի կազմում, ասաց, որ Հայաստանի հավասար իրավունքներ ունի միությունում։ Այս դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում վերջերս Աստանայում կայացած ԵՏՄ երկրների նախագահների հանդիպմանը։ Սլուցկու պատասխանը ուշագրավ էր. չէին պատրաստվում «կռուտոյներով» հավաքվել ու մոռանալ Հայաստանին, ասաց։

Հանդիպումը նախատեսված էր երեք երկրների համար՝ Ուկրաինայի հարցերը քննարկելու նպատակով, նշեց ռուս պատգամավորը, ապա հավելեց, թե նման հանդիպման նախաձեռնություն վաղուց է եղել` դեռ Մաքսային միության ժամանակներից, որի անդամ Հայաստանը չի էլ եղել: Ի սկզբանե օրակարգում այլ հարցեր են եղել, սակայն Ղազախստանի նախագահի առաջարկով վերջին պահին լրացումներ են եղել և քննարկվել է նաև ընդհանուր արժութային միության հարցը։

«Ազատության» այն դիտարկմանը, թե արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դադարեցնի զինել Ադրբեջանին, ինչի մասին մտահոգություն էր հայտնել նաև Սերժ Սարգսյանը, ռուս պատգամավորը նշեց, թե խնդիրն այստեղ այլ է՝ ժամանակն է լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Սլուցկին ասաց, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, իսկ Հայաստանին մատակարարում է այլ պայմաններով։ Շեշտեց նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զենքի մատակարարման բալանսը պահպանվում է։

«Ինչ վերաբերում է ընդդիմության սպեկուլյատիվ տարբեր ճիչերին, ցավոք, մենք էլ ենք դրանց հանդիպում։ Եվ Հայաստանը, և Ադրբեջանը մեր գործընկերն են, և մեզ պետք չէ դադարեցնել համագործակցությունը՝ դրանով հրահրելով կտրուկ դիմադրություն երկրների միջև և իրավիճակի շիկացում տարածաշրջանում։ Բանակցություններում դեռ որակական առաջընթաց չկա»,- հավելեց ռուս պաշտոնյան։

Հայկական կողմի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն էլ պնդեց, թե չնայած նախագահի արտահայտած մտահոգությանը, տարբերությունն այստեղ այն է, որ Հայաստանի համար զենքը պաշտպանական նշանակություն ունի, Ադրբեջանի համար՝ հարձակողական։

Ռուս պատգամավորները վաղը կայցելեն Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկու ամիս առաջ սպանված Ավետիսյանների ընտանիքին, կլինեն նաև ռուսական 102-րդ ռազմաբազայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG