Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուղերձով նախագահ Բարաք Օբամային կոչ է անում զենք մատակարարել Ուկրաինային:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության հաղորդմամբ՝ ուղերձի մեջ նշված է, որ զենքի մատակարարում սկսելն անհրաժեշտ է Ուկրաինայի ինքնավարության պահպանման և տարածքային ամբողջականության համար:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագծի կողմ քվեները 348 են, դեմ ձայները՝ 48:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները բացատրել է, որ եթե Միացյալ Նահանգները չաջակցի Ուկրաինային, Ռուսաստանը կշարունակի ագրեսիան։ Նրա հայտարարության համաձայն, ուղերձի ընդունման քվեարկությամբ արտահայտվում է բարեկամ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու կամքը:
Ջոն Բեյները հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահը կդիմի համապատասխան քայլերի:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում շրջանառության մեջ էր օրինագիծ, համաձայն որի Վաշինգտոնը կարող է մինչև 2017 թվականը Ուկրաինային փոխանցել մեկ միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանության նշանակության տարբեր զինատեսակեր։
Անցյալ ամիս Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Անդրի Պարուբիյը մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ արդիական և գերճշգրիտ զինատեսակներ ստանալու շուրջ բանակցությունների։
Երկու շաբաթ առաջ հրապարակվել էին տեղեկություններ, ըստ որոնց` նախագահ Բարաք Օբաման այդ պահին ընդդիմանում էր Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հարցում:
Միացյալ Նահանգներում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտիգը փոխանցել էր, որ Օբաման համակարծիք է Մերկելի հետ, և պնդում է, որ կողմերին պետք է որոշակի ժամանակ այդ հարցը քաղաքական, դիվանագիտական հարթակներում լուծելու համար:
Մինչդեռ այսօր Ուկրաինայի արևելքում դեռ շարունակվում են հրադադարի խախտումները։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հաղորդել է, մասնավորապես, Շիրոկինո գյուղում իրավիճակի լարվածության մասին: Ըստ դիտորդների, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, կան ավերածություններ:
Լրատվական գործակալությունների հաղորդմամբ, երեկ Դոնեցկի շրջանի Ավդիիվկա քաղաքում տարբեր տեսակի զենքերից ու զինատեխնիկայից, այդ թվում՝ հրասայլերից կրակոցները չեն դադարել: