Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները զենք են խնդրում ԱՄՆ-ից


Գերագույն ռադայի փոխխոսնակ, Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Անդրի Պարուբիյ, արխիվ, 22 հուլիսի, 2014թ.
Գերագույն ռադայի փոխխոսնակ, Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Անդրի Պարուբիյ, արխիվ, 22 հուլիսի, 2014թ.

Իսկ ԵՄ-ն դեռ կարող է ընդարձակել Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։

Ուկրաինայի արևելքում հրադադարը, ըստ լրատվական գործակալությունների, ընդհանուր առմամբ պահպանվում է։

Արևմուտքը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները մեղմելու կամ չեղյալ հայտարարելու մասին այս պահին խոսք չկա, քանի որ Մոսկվան դեռ պետք է գործով ապացուցի, որ այլևս իրականում չի աջակցում ռուս անջատականներին։

Ի դեպ, այսօր Եվրամիությունը կարող է նույնիսկ ընդարձակել պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպությունների թիվը։ Ցանկն արդեն հաստատվել է, բայց կիրառումը հետաձգվել մինչև փետրվարի 16-ը։ Այնպես որ, միակ «դրական» գործոնը, որը կարող է ակնկալել Մոսկվան` ոչ թե պատժամիջոցների վերացումն է, այլ դրանք գոնե չընդարձակելը։

Մինչդեռ, ուկրաինացիները փորձում են զենք ստանալ Արևմուտքից, և քանի որ Եվրոպան դեռ հակված չէ հավանություն տալ զենքի մատակարարմանը, Կիևը օգնություն է ակնկալում Վաշինգտոնից։

«Հինգերորդ ալիք» ուկրաինական հեռուստակայանին տված հարցազրույցում Գերագույն ռադայի փոխնախագահ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Անդրի Պարուբիյը հայտնել է, որ մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցելու է արդիական և գերճշգրիտ զինատեսակներ ստանալու շուրջ։ Նրա խոսքերով, խիստ կարևոր է, որ Արևմուտքը շարունակի և խստացնի Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում արդեն շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որի համաձայն Վաշինգտոնը կարող է մինչև 2017 թվականը Ուկրաինային փոխանցել մեկ միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանության նշանակության տարբեր զինատեսակեր։

«Ուկրաինայի համար ամենակարևորը զինված ուժերի հզորացումն է, հաջորդ շաբաթ մեկնում եմ Ամերիկա` հենց զենք հայթայթելու նպատակով»,- ասել է Պարուբին։

Նա խոսել է նաև Ռուսաստանի ռազմավարության մասին։ Նա ենթադրում է, որ հիմա ռուսները չունեն Դոնեցկի և Լուգանսկի տարածքները Ռուսաստանի կազմ մտցնելու մտադրություն։

«Նրանք ուզում են, որ մենք շարունակենք ֆինանսավորել այդ տարածքները, որ դրանք դառնան ուկրաինական ներքին քաղաքականության որոշիչ գործոն, որ այն մշտապես խոչընդոտի ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանն անդամակցելու նպատակի իրականացմանը»,- ասել է Պարուբիյը։

Գերագույն ռադայի փոխխոսնակի կարծիքով, Պուտինին այդ տարածքները պետք են Ուկրաինայի վրա ազդելու համար, բայց հենց զգա, որ հնարավոր է` անմիջապես կփորձի ցամաքային միջանցք բացել դեպի Ղրիմ և ընդարձակել Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների սահմանները։

«Դա կանխելու միակ երաշխիքը մեր բանակն է, որը մենք պարտավոր ենք հզորացնել»,- ասել է Անդրի Պարուբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG