Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել է մեկնել Բաքու և նրա փոխարեն թիմը կներկայանա Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
«Բռնցքամարտի հավաքականը կմեկնի Բաքու և կմասնակցի Եվրոպական խաղերին: Ես և հավաքականի տղաները որպես մարզիկ ու զինվոր չենք կարող հրաժարվել մարտից: Մենք գնալու ենք Բաքու, իսկ եթե կլինի քաղաքական որոշում, մենք էլ Հայաստանի մյուս թիմերի պես չենք մասնակցի: Քանի դեռ չկա նման որոշում, մենք կձևավորենք հավաքական և կպատրաստվենք Եվրոպական խաղերին», - ասաց Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում կայացրեց մասնակցել առաջին Եվրոպական խաղերին:
«Չնայած Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ստացած երաշխիքներին՝ քննարկումներում հաշվի են առնվել նաև առանձին ֆեդերացիաների դիրքորոշումները», - ընդգծել էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայաստանը Բաքվում կներկայանա 6 մարզաձևերում՝ հրաձգություն, թաեքվանդո, ձյուդո, սամբո, ըմբշամարտ, բռնցքամարտ:
Բաքվում հունիսի 12-28-ը կայանալիք Եվրոպական խաղերի մասնակցության դեմ է արտահայտվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մեծ մասը ի դեմս գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի, հրաձգության ֆեդերացիան դեռևս պաշտոնական որոշում չի հայտնել, սակայն մեր տեղեկություններով պատրաստվում է մասնակցել, ցանկություն է հայտնել մեկնել Բաքու նաև սամբոյի հավաքականը:
Իսկ ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կոմիտեն չնայած իր ընդունած որոշմանը, մարզիկներին Բաքու կուղարկի միայն կամավոր սկզբունքով: