Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյան. Հայերը միշտ վերածնունդ են ապրում


Ռուբեն Վարդանյան, արխիվ
Ռուբեն Վարդանյան, արխիվ

Նյու Յորքում այս շաբաթ բացված «100 կյանք» նախաձեռնության հիմնադիր, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցել է նախաձեռնության գաղափարի և նպատակների մասին:

Վարդանյանը համոզված է, որ «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնությունը գլոբալ շարժման կվերածվի:

«Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունը գլոբալ շարժման կվերածվի. մենք մյուս ազգերին ներկայացնելու շատ լավ պատմություն ունենք, քանի որ հայերը հարյուրամյակներ շարունակ մեծ ճնշման տակ են գտնվել, սակայն միշտ վերածնունդ են ապրել», - ասում է նա:

Բարերարի խոսքով՝ «100 կյանք»-ը ամբողջ հայ ազգի պատմությունն է, որը ցեղասպանության ընթացքում մեկուկես միլիոն մարդ կորցրեց, սակայն գտնվեցին անվախ և անձնազոհ մարդիկ, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին՝ փրկելով հազարավոր հայ մանուկների կյանքեր:

«Մեր նպատակն է՝ միավորել անցյալը, ներկան և ապագան, հավաքել հայերին փրկած մարդկանց մասին պատմությունները, պահպանել արխիվային նյութերը», - ընդգծում է բարերարը:

«100 կյանք»-ը նաև նախատեսում է աջակցություն ցուցաբերել մեր օրերում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերին և փախստականներին: Հենց այդ նպատակով է ստեղծվել «Ավրորա» մրցանակը, որը տրվելու է մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով այլ մարդկանց կյանքերն են փրկել:

«Մենք օգնելու ենք մեր օրերի ողբերգություններից տուժած մարդկանց վերածնունդ ապրել և դառնալ հաջողակ, ինչպես կարողացանք անել մենք՝ հայերս, դառնալով աշխարհի հզոր և հաջողակ ազգերից մեկը», - ավելացնում է Ռուբեն Վարդանյանը:

Այս կապակցությամբ, «100 կյանք» նախագիծը կրթության հետ կապված մի շարք նախագծեր է իրականացնելու՝ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Եգիպտոսի երիտասարդներին Հայաստանում կրթություն ստանալու կրթաթոշակներ հատկացնելով:

«Հենց այնպես, ինչպես արաբական ընտանիքներն օգնում էին հայերին հարյուր տարի առաջ, այժմ մենք ենք պատրաստ օգնություն ցուցաբերելու», - ասում է Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանի խոսքով, ցեղասպանությունից իր պապին փրկել էին ամերիկյան միսիոներներ, ովքեր Հայաստան էին ժամանել 1915 թվականին: «Այսօր ես այստեղ եմ գտնվում նաև շնորհիվ այն բանի, որ մի խումբ քաջ մարդիկ փրկել էին պապիկիս կյանքը, և ես նրանց շատ շնորհակալ եմ», - ասում է նա:

Ըստ բարերարի՝ «100 կյանք» նախաձեռնության բացումը տեղի է ունեցել Նյու Յորքում, որովհետև 100 տարի առաջ ամերիկացի մի շարք խոշոր բարերարներ հավաքվեցին հենց այստեղ և որոշել օգնել հայերին:

«Նրանք կարողացան հանգանակել 117 միլիոն դոլար որպես հայ մանուկներին օգնություն: Դա այն ժամանակների համար չափազանց խոշոր գումար էր, որն այսօր համարժեք է 2․8 միլիարդ դոլարի: Այդ գումարը հավաքվել է ողջ Ամերիկայով մեկ, հարուստներից մինչև աղքատներ՝ բոլորը ներդրում են ունեցել, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Միացյալ Նահանգներին, քանի որ չնայած այն ամենին, ինչ կատարվեց, մենք կանք, մենք հզոր ենք, մենք աշխարհի առաջատարների մասն ենք կազմում և մենք կարևոր ներդրում ունենք աշխարհում», - ընդգծում է Ռուբեն Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG