100 տարի անց հայերը շնորհակալություն են հայտնում այն մարդկանց, ովքեր հարյուր տարի առաջ արել են հնարավորը՝ իրենց պապերին Ցեղասպանությունից փրկելու համար:
«100 կյանք՝ երեք նպատակ․ դասեր քաղել անցյալից, անդրադառնալ ներկային և կերտել ավելի լավ ապագա», -Նյու Յորքում այս գիշեր ազդարարեցին հազարավոր փրկված հայերից երեքի ժառանգները՝ հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Ապեյանը և Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:
«Պապս պատմել է ինձ, թե ինչպես է փրկվել Ցեղասպանությունից: Շատ բան չի պատմել, բայց հուզիչ էր իր պատմությունը: Ես ուզում եմ այդ պատմությունը որդուս և թոռներիս պատմել: Պատկերացրեք, 100 տարի առաջ մեր ազգին փորձել են ոչնչացնել, բայց այսօր մենք ապրում ենք։ Մենք ուզում ենք կիսել մեր փորձը: Այո, տեղի է ունեցել Ցեղասպանություն, բայց մենք կանք: Բազմաթիվ հայեր փրկվել են մարդկանց բարության շնորհիվ: Դա մեզ պարտավորեցնում է բարձրաձայնել այդ պատմությունները, ժամանակն է լույս սփռել բացառիկ ճակատագրերի և կենսագրությունների վրա», - ասել է Ռուբեն Վարդանյանը:
Բարերարներին երախտագիտություն հայտնելու համար նրանք որոշել են այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին անցկացնել «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը: Ժյուրիի կազմը պատկառելի է՝ նոբելյան մրցանակակիր Էլի Վիզել, Ավստրալիայի նախկին արտգործնախարար Հարեթ Էվանս, Իռլանդիայի նախկին նախագահ և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին գերագույն ներկայացուցիչ Մերի Ռոբինսոն, Մարդու իրավունքների պաշտպանների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին ներկայացուցիչ Թինա Ջիլանի և օսկարակիր Ջորջ Քլունի, ով հայտնի է նաև իր իրավապաշտպան գործունեությամբ: Հենց նա է հաջորդ տարի հանձնելու առաջին մրցանակը:
«Մեծ պատիվ է ինձ համար միանալ այս նախագծին», - հայտարարել է աշխարհահռչակ աստղը, - «Ոչ միայն կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, այլ նաև այն, թե ինչ է տեղի ունենում այսօր, հիմա: Մենք բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչև օրս ցեղասպանություններ են տեղի ունենում»:
Օսկարակիր դերասանն ասել է, որ Հայաստանով սկսել է հետաքրքրվել տարիներ առաջ, ստացել է զգուշացումներ, այդ թվում՝ ամերիկացի օրենսդիրներից, որոնք խորհուրդ են տվել չմոռանալ, որ Միացյալ Նահանգները ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ և ռազմաօդային բազա այդ երկրի տարածքում: Չնայած դրան՝ Քլունին վստահ է՝ հայերի հետ տեղի ունեցածը Եղեռն էր:
«Այն, որ Ցեղասպանություն տերմինը ավելի ուշ է շրջանառվել, չի նշանակում, որ դա տեղի չի ունեցել», - հայտարարել է հոլիվուդյան աստղը, ում կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Կլունին, պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Ցեղասպանությունը ժխտող թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով:
«Կինս, որը պաշտպանել է Հայաստանի շահերը Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի դատական գործով, մինչև վերջերս չգիտեր իմ ու Ռուբենի համատեղ ծրագրերի մասին: Փոխարենը, դատական նիստից հետո շատ հայեր Լոս Անջելեսում խոստովանում էին ինձ, որ կուզեին ջերմորեն համբուրել իմ կնոջը», -պատմեց դերասանը:
Ի դեպ՝ մրցանակաբաշխության անվանումը՝ «Ավրորա», ընտրվել է ի պատիվ ցեղասպանությունը վերապրած, Խարբերդից սերող Արշալույս-Ավրորա Մարտիկանյանի, ով 1918 թվականին գրել է «Հոշոտված Հայաստանը» ինքնակենսագրականը, իսկ հետո նկարահանվել դրա հիման վրա ստեղծված հոլիվուդյան ֆիլմում: