Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի ծառյության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ծանոթ են Հայոց ցեղասպանության հարցում Ջեմ Օզդեմիրի հայացքներին և բարձր են գնահատում այդ ոճրագործությունը դատապարտելու և ճանաչելու՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված նրա կոչերը:
Ողջունելով Գերմանիայի խորհրդարանականների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նախագահը խորհրդանշական է համարել, որ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության այցը Հայաստան կայանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ներքաղաքական կյանքին, այդ թվում՝ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և այն զարգացնելու գործում Գերմանիայի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: