Շաբաթ օրը՝ մարտի 7-ին, Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել. Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։
Հիշեցնենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 6 անձ՝ Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գևորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ։ Մարտի 8-ին Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվեց քրեական գործ` երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նշված միջադեպի հետևանքով բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Սմբատի Ղազարյանն այսօր մահացել է։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։