Քիչ առաջ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, կրակոցներ են հնչել: 23:30–ից մինչև 00:30 սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ:
Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վիրավորներից 2-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող֊ծակող գործիքներից:
Հիվանդանոց տեղափոխվածներից 3-ի վիճակը գնահատվում է խիստ ծանր, նրանց տեղափոխում են Երևան: Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գևորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ:
Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջև:
Սաթենիկ Կաղզվանցյան, Գյումրի