Մատչելիության հղումներ

Գերմանիան պաշտպանում է ԵՄ բանակի մասին առաջարկը, Ռուսաստանը՝ խնդրում պարզաբանել


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

«Եվրամիության բանակն անհրաժեշտ է՝ Ռուսաստանին հասկացնելու, որ Եվրոպան լուրջ է տրամադրված պաշտպանելու եվրոպական արժեքները», - ասել է առաջարկի հեղինակ Ժան-Կլոդ Յունկերը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է անում Եվրամիության ընդհանուր բանակ ստեղծել։ Գերմանիան պաշտպանում է առաջարկը, Ռուսաստանը՝ պարզաբանում խնդրում։

«Եվրոպական ընդհանուր բանակն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ Եվրամիության անդամ երկրների միջև այլևս երբեք պատերազմ չի լինի։ Այդպիսի բանակը մեզ կօգնի իրականացնել արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականություն», - նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կիրակի օրը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Եվրամիությունը միայն սեփական բանակով կարող է արձագանքել Եվրամիության անդամ երկրների կամ հարևանների դեմ ուղղված սպառնալիքներին։

«Եվրամիության բանակն անհրաժեշտ է՝ Ռուսաստանին հասկացնելու, որ Եվրոպան լուրջ է տրամադրված պաշտպանելու եվրոպական արժեքները», - ասել է Ժան-Կլոդ Յունկերը։

Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, ՆԱՏՕ-ի գոյության պայմաններում նման բանակ ունենալու անհրաժեշտությանը, ապա Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է. - «Խոսքը ոչ թե մրցակցության, այլ Եվրոպան ավելի ուժեղ դարձնելու մասին է, և հետո՝ ՆԱՏՕ-ի անդամներից բոլորը չեն Եվրամիության անդամներ»։

Այս գաղափարը պաշտպանել է Գերմանիան։ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն ասել է, որ նման բանակը թույլ չի տա կազմաքանդել Երկրորդ աշխարհամարտից և «սառը պատերազմից» հետո Եվրոպայում ձևավորված աշխարհակարգը։

Իսկ Մոսկվան պարզաբանում է խնդրել: Պետական ՏԱՍՍ գործակալությանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովն ասել է. - «Ցանկալի է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, քանի որ եվրոպացի քաղաքագետները վերջին երեք տասնամյակների ընթացքում տարբեր մակարդակներում շոշափում են այդ թեման»։

Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը հնարավոր է համարել, որ Եվրամիության բանակ ստեղծելու հարցն ընդգրկվի հունիսին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի օրակարգում, իսկ վերլուծաբանները հիշեցնում են, որ նույն գաղափարը նախկինում մարմնավորում չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG