Մատչելիության հղումներ

Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ է ձերբակալվել


Զինծառայողը սահմանին՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Զինծառայողը սահմանին՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։

«Ժամկետային զինծառայողները կասկածվում են Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ (մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով), իսկ վաշտի ավագը՝ Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը», - հաղորդում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ փետրվարի 27-ին ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG