Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան՝ ինքնասպանության վարկածը կասկածներ է հարուցել


Լեռնային Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում ուրբաթ օրը մահացել է ժամկետային զինծառայող՝ տասնութամյա Ալբերտ Սաֆարյանը։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, զինծառայողն ինքն իրեն ստորին ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է հասցրել։ Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Ալբերտ Սաֆարյանը Երևանի Նոր Նորք թաղամասի բնակիչ էր։ Սաֆարյանների ընտանիքի երեք երեխաներից ավագ տղային առողջական պատճառներով բանակ չեն զորակոչել։ Ալբերտը միջնեկն էր, իրենից կրտսեր քույր ունի:

«Ազատության» հետ զրույցում Ալբերտի հարևաններն ասում են, որ չեն հավատում պաշտոնական վարկածին, թե տղան ինքնասպանություն է գործել։

«Սովորեց պրծավ, մի ժամանակ էլ մի քիչ ազատ էր, հոր հետ աշխատեց ու տարան բանակ։ Ոչ հրաժարվել էր, ոչ կամ ու կաց, ոչ մի բան։ Օտպուսկ եկավ՝ շատ ուրախ, շատ լավ ճանապարհեցինք։ Ասեցինք՝ լա՞վ ա, տղա ջան: Ասաց՝ հոյակապ։ Նույն մեր հարկում երկու հոգի են միասին ծառայում, երկուսն էլ շատ գոհ էին։ Էդ որ տարածում են՝ սուտ ա, նենց տղա էր, որ երբեք էս քայլին չէր դիմի», - ասում է հարևանուհին:

«Հոյակապ ընտանիք էին, ինքն էլ խելոք տղա էր, խելոք տղա, ոչ մեկ նրան չի տեսել չարություն անելուց, ոնց ա պատահել, որ մահացել ա, չեմ հասկանում», - ասում է մյուս հարևանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մտահոգություն է հայտնում, որ վերջին շրջանում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների թիվն արդեն անհանգստացնող է։ Երբ սահմանին լարվածությունը մի փոքր թուլանում է, անմիջապես ավելանում են միջանձնային հարաբերությունների պատճառով մահացության դեպքերը, «Ազատության» հետ զրույցում նշում է իրավապաշտպանը։

«Մեկ ամսվա ընթացքում հինգ մահվան դեպք միջանձնային հարաբերությունների արդյունքում․․․ կարծում եմ, որ սա արտառոց իրավիճակ է բանակի համար, երբ մեր զինվորները իրար նկատմամբ այսպիսի վերաբերմունք են դրսևորում։ Բանակի վերնախավը պետք է մտածի այս մասին, ինչպե՞ս կարող է երկու ամսվա ընթացքում 15 մահվան դեպք գրանցել, այդքան շա՞տ է Հայաստանում բնակչությունը, որ այսքան զոհ տա, և ինչի՞ համար պետք է այսքան զոհ տա», - հարցնում է իրավապաշտպանը:

Ըստ Ալեքսանյանի, այսպիսի դեպքեր հաճախակի են դարձել, քանի որ մեղավորները չեն պատժվում։

«Երբեք չեն բացահայտվում մահվան հանգամանքները, թե ինչ է տեղի ունեցել և ինչի արդյունքում, ամբողջությամբ կեղծում են քննությունը։ Եվ արտառոց է նաև այն, որ երեկվա դեպքը արդեն որակվել է ինքնասպանության հոդվածով։ Թե ինչ հնարավորություններ ունի քննչական մարմինը մեկ րոպեում որոշելու՝ ինքնասպանության դեպքով է հարուցված, թե չէ՝ մինչև հիմա անհասկանալի է մնում։ Այսինքն դեպքի կատարման պահից սկսվում է կեղծիքը։ Եվ պաշտպանության նախարարը համարում է, որ իր գործը չէ, թե իրավապահ մարմինները ինչպես են բացահայտում գործը», - ասում է նա:

Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ անպատժելիության մթնոլորտը կանխելու համար նախարարը պետք է հետևողական լինի, որ նման դեպքերը բացահայտվեն։

XS
SM
MD
LG