Մատչելիության հղումներ

Տնտեսական աճը կարող է ծրագրվածից 10 անգամ ցածր լինել


Տնտեսական աճը կարող է ծրագրվածից 10 անգամ ցածր լինել
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

Հայաստանի Կենտրոնական բանկի՝ փետրվարի 20-ին հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նշված է, որ տնտեսական աճը 2015 թվականին գնահատվում է 0.4-2 տոկոս: Մինչդեռ Կառավարությունը պետբյուջեով ծրագրել է այս տարի ապահովել 4.1 տոկոս տնտեսական աճ:

Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, այդ տարի սպառումը կնվազի, մասնավոր ներդրումները կկրճատվեն, տրանսֆերտները շուրջ 30 տոկոսով կպակասեն: Հայաստան եկած տրանսֆերտները 2014-ին 2013-ի համեմատ արդեն իսկ կրճատվել էին 7.7 տոկոսով, և այս տարի սպասվող ևս 30 տոկոսանոց անկումը, տնտեսագետների կարծիքով, չի կարող բացասական ազդեցություն չունենալ տնտեսության, ֆինանսական համակարգի վրա, քանի որ Հայաստան եկող արտարժույթի մեծ մասը գալիս է հենց տրանսֆերտների տեսքով։

Եթե 2014-ին Հայաստանից ողջ արտահանումը 1.5 միլիարդ էր, ապա տրանսֆերտները կազմել էին 2.1 միլիարդ:

«Իրականում Կենտրոնական բանկի տվյալները կարող են բավականաին լավատեսական լինել», - ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: - «Իսկապես Հայաստանը գտնվում է ճգնաժամի մեջ, և մենք զրո տոկոս էլ չենք կարող ունենալ: Ես անցյալ տարի էլ էի ասում՝ եթե մենք կարողանանք զրո տոկոս ուղղակի ունենալ, մենք պետք է գոհ և շնորհակալ լինենք: Որովհետև այն, ինչ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում այսօր տնտեսական առումով, որևիցե դրական, խոստումնալից բան չկա»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» ստուդիայում:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» ստուդիայում:

«Այս տարվա արդյունքներով միանշանակ է, որ աղքատների թիվը Հայաստանում կաճի», - շարունակեց Խաչատրյանը: - «2015 թվականի արդյունքներում իրականում արդեն կարող ենք մոտենալ աղքատության 40 և մի քիչ ավելի տոկոսի: Սա շատ հստակ է: Ուղղակի վարվող տնտեսական քաղաքականությունը բերում է հենց սրան՝ աղքատության մեծացում: Բերում է նրան, որ իրականում այն մարդիկ, ովքեր իշխանության մոտ են կանգնած, կուտակում են գումարներ, բայց, ցավոք սրտի, այդ գումարները կուտակում են ոչ թե տնտեսության աճի հաշվին, այլ այդ գումարները կուտակում են ժողովրդի աղքատացման հաշվին»:

Սակայն սա ամբողջը չէ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվարին կտրուկ անկում են ապրել Հայաստանի արտահանումը և ներմուծումը․ նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանումը կրճատվել է 22 տոկոսով, իսկ ներմուծումը՝ մեկ երրորդով: Սրանք վատագույն ցուցանիշներն են 2010 թվականից ի վեր:

Հունվարին նախորդ հունվարի համեմատ 7.4 տոկոսով կրճատվել է նաև ներհայաստանյան առևտրի ծավալը:

Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Չնայած ներկայացված տվյալներին, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) վստահեցնում է, որ Կառավարությունը չի պատրաստվում վերանայել տնտեսական աճի հետ կապված ծրագրերը:

«Ինչ վերաբերում է մեր կողմից հաստատված պետական բյուջեի նախագծին, որտեղ Ձեր ասած ցուցանիշներն են ամրագրված, ես կարծում եմ, որ դրանք իրատեսական են», - հավելեց Մինասյանը:

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության առջև այսօր կանգնած խնդիրների հիմքում ընկած են Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ Ուկրաինայի հարցում պայմանավորվածություններից հետո հավանական է, որ պատժամիջոցները վերացվեն, ինչը դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի ու հետևաբար Հայաստանի տնտեսության վրա․ - «Այդուհանդերձ կարծում եմ, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը կիրականացվի»:

XS
SM
MD
LG