Հայաստանի վարչապետն այսօր իր մտահոգությունը հնչեցրեց՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն արդեն իսկ բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա, և եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շարունակվեն, բացասական ազդեցությունն ավելի մեծ կլինի:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը թվեր չնշեց, բայց փաստորեն չբացառեց՝ հնարավոր է կառավարությունը չկարողանա ապահովել այս տարի խոստացած 4 տոկոս տնտեսական աճը:
«Ամեն ինչ անում ենք, որպեսզի տարածաշրջանում ընթացող բոլոր պրոցեսների մեջ մեր տնտեսությունը զարգացում ապրի, բայց բոլորդ գիտեք, որ մենք ունենք նաև Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում բացասական ազդեցություն մեր տնտեսության վրա։ Այսօր հունվար-սեպտեմբեր ամիսներով 4 տոկոս է տնտեսական ակտիվությունը, եթե կարողանանք մինչև տարվա վերջ ապահովել այդ թիվը, ապա ես կարծում եմ, դա ձեռքբերում է»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով «Ազատության» հարցին, թե Ռուսաստանի տնտեսության ոչ բարվոք վիճակը ինչքանո՞վ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, վարչապետը պատասխանեց.- «Ինչքան այս սանկցիաները երկար տևեն, այնքան շատ»։
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, Աբրահամյանի կառավարությանը առայժմ կարծես թե ստացվում է ապահովել 4 տոկոս աճը․ հունիսին, հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին գրանցվել է 4 տոկոսից փոքր-ինչ բարձր տնտեսական ակտիվություն (հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 4.3 տոկոս):
Սակայն անգամ Հայաստանի Կենտրոնական բանկում վստահ չեն, որ այս տարի կհաջողվի հասնել 4 տոկոս տնտեսական աճի: Բանկի վերջին կանխատեսման համաձայն, չի բացառվում, որ աճը կլինի 3.6 տոկոս։
Էլ ավելի հոռետեսական են միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները: Մոտ մեկ ամիս առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչները հայտարարեցին՝ 2014-ին Հայաստանի տնտեսական աճը չի կարող գերազանցել 2.6-2.7 տոկոսը, և կրկին՝ որպես գլխավոր պատճառ նշում էին Ռուսաստանում տնտեսական վիճակի վատացումը:
Եվրամիությունից հետո Ռուսաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, սակայն մեր տնտեսության համար էական նշանակություն ունեցող տրանսֆերտների մոտ 85 տոկոսը գալիս է (2012թ., 2013թ) հենց Ռուսաստանից: Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ այդ փոխանցումները աստիճանաբար կրճատվում են. օգոստոսին՝ նախորդ օգոստոսի հետ համեմատած անկումը ավելի քան 9 տոկոս էր (2014թ․ օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց), մայիսին՝ 1.1 տոկոս:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, Ռուսաստանի նախագահ Պուտինի ելույթը «Վալդայ» ակումբում ցույց է տալիս՝ հնարավոր է Ռուսաստանը երկարատև հակամարտության մեջ է մտնում Արևմուտքի հետ: Ուստի, Հայաստանի տնտեսության համար արտաքին բացասական ազդեցությունը նույնպես կարող է երկարատև լինել և չսահմանափակվել սոսկ ուկրաինական գործոնով:
«Այն իրավիճակը, որ այսօր շարունակվեց Ռուսաստանում, և եթե այսպիսի միտում շարունակվի, միանշանակ է, որ բացասական ազդեցություն է ունենալու, ի տարբերություն այն բոլոր խոսակցությունների, որ կար երկու ամիս առաջ, երբ Հայաստանի պաշտոնյաները ասում էին, որ հնարավորություն է ստեղծվել, այդ պատժամիջոցների շնորհիվ ռուսական շուկայում տեղ է բացվել և Հայաստանի արտադրողները կարող են այդ տեղը զբաղեցնել»,- ասաց տնտեսագետը։