Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանություններից 40 օր անց ռուս զինծառայողը ՌԴ ձեռքերում է


Ավետիսյանների ընտանիքի սպանության հետքերով․ իրավական հարթությունը, քաղաքացիների պահանջները և Կոստանյանի՝ առայժմ անհետևանք նամակը:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունները 40 օր առաջ ալեկոծեց և անկանխատեսելի իրավիճակների պատճառ դարձավ ոչ միայն Գյումրիում, այլ նաև ամբողջ Հայաստանում: Հունվարի 12-ին առավոտյան իրենց տանը քնած ժամանակ Գյումրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները: Սպանվածների թվում էր Ավետիսյանների 2-ամյա դուստրը:

Ընտանիքի ամենակրտսեր ներկայացուցիչը՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ դեպքից մեկ շաբաթ անց: Նրա մոտ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասվածք էր հայտնաբերվել: Մի քանի վիրահատությունն էլ չփրկեց երեխայի կյանքը: Բոլոր սպանվածների մարմինների վրա հրազենային վնասվածքներ կային:

Դեպքի վայրում մնացած զինվորական կոշիկների վրա առկա ազգանունը մատնեց ռուսական հետքը: Իրավապահները հայտարարեցին, թե սպանություններում կասկածվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա նախքան սպանությունները լքել էր ռուսական զորամասը:

Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց հետախուզում, սակայն դրանից մոտ 13 ժամ անց Պերմյակովին հայտնաբերեցին ոչ թե Հայաստանի իրավապահները, այլ ռուս սահմանապահները, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի պնդումների՝ թուրքական սահմանն անցնելու փորձ կատարելիս:

Իրավական հարթությունը

Պերմյակովի նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ սպանության և դասալքության հատկանիշներով: Իրավաբանները պնդում էին, որ նման դեպքում պետք է քրեական գործ հարուցվեր նաև սահմանը հատելու փորձի համար։ Սակայն, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այդ հարցում մատը մատին չտվեց: Փորձառու իրավաբանները շարունակում էին պնդել, որ քրեական գործը՝ սպանությունների, նաև սահմանը հատելու մասով պետք է վարեր և վերահսկողություն իրականացներ հայկական կողմը, քանի որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, սպանվածներն էլ Հայաստանի քաղաքացիներ են:

Գյումրու սպանությունների գործով Պերմյակովին նախ հարցաքննել էր ռուսական կողմը: Հայաստանի քննիչները նրա հարցաքննության կադրերը հրապարակեցին սպանություններից 10 օր հետո:

Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձած սպանություններից մեկ շաբաթ անց ռուսական մամուլը պնդեց, որ «Պերմյակովի գործը կքննեն Հայաստանում, սակայն նրան կդատի Ռուսաստանի զինվորական դատարանը»: Պատճառաբանությունն այն էր, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և, ըստ Ռուսաստանի Սահմանադրության, այդ երկիրն իր քաղաքացուն չի կարող հանձնել այլ պետության:

Սպանությունների մեջ մեղադրվող Պերմյակովը մինչ օրսռուսական կողմի ձեռքերում է: Պատճառն, ըստ մինչև այսօր հնչած բացատրությունների, այն է, որ Պերմյակովին հայտնաբերել են ոչ թե Հայաստանի իրավապահները, այլ ռուսները:

Փաստաբան Լուսինե Սահակյանի գնահատականն է․ - «Ի սկզբանե մեր իրավապահները չեն կարողացել իրենց պարտականությունները պատշաճ կատարել, որպեսզի Պերմյակովին իրենք հայտնաբերեն և ձերբակալեն»:

Ի վերջո, Հայաստանի իրավապահները Պերմյակովին մեղադրանք առաջադրեցին հունվարի 21-ին՝ ռուսական կողմը նրան կալանավորել էր դրանից 7 օր առաջ: Այս և բազմաթիվ այլ հանգամանքները որակելով ոչ իրավաչափ, օրենքից դուրս, Սահմանադրության և Քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքներին հակասող՝ իրավաբանները մինչ օրս էլ հայտարարում են, որՊերմյակովի գործը իրավաբանության հետ որևէ աղերս չունի, իսկ այն, ինչ տեղի ունեցավ այս գործի առնչությամբ, անհեթեթություն է:

Փաստաբաններին հատկապես զարմացրել էր Պերմյակովին կալանավորելու՝ նախադեպը չունեցող պատմությունն ու այդ հարցում Հայաստանի իրավապահների գործելաոճը:

«Այսինքն՝ այդ 72 ժամը չի տարածվում այս քրեական գործի վրա, որը հարուցված է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից… Ընդհանուր գործընթացը ոչ իրավաչափ է ընթանում» - Պերմյակովին կալանավորելու՝ հայկական կողմի հնարավորությունների վերաբերյալ հարցին ի պատասխան ասել էր փաստաբան Լուսինե Սահակյանը:

Քաղաքացիների պահանջները

Իրավական հարցերին զուգահեռ Պերմյակովինհայկական կողմին հանձնելու պահանջով բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո՝ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին փորձելով մղել անհետաձգելի գործողությունների: Կոստանյանը Շիրակի դատախազության շենքի մոտ նախ փորձում էր խուսափել Պերմյակովին հանձնելու պահանջին հստակ պատասխաններ տալուց :

«Էդ հանցագործը, էդ ոճրագործը Հայաստանի Հանրապետությունում ա դատվելու, քրեադատավարական ամբողջ ընթացքը իրականացվելու ա Հայաստանի Հանրապետությունում, և դուք բոլորդ տեսնելու եք», - ասել էր դատախազը Շիրակի մարզի դատախազության մոտ հավաքված քաղաքացիների կրքերը հանդարտեցնելու համար:

Դատախազի հայտարարությունը, սակայն, հավատ չէր ներշնչել իրավապահներից դժգոհ քաղաքացիներին:

«Էն լոլոները, հեքիաթները, պատմությունները, ուրիշների սահմանադրությունների պաշտպանությունը, որ կատարվել է մեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, մեզ պետք չէ, լսել ենք: Իրենցից բեթար կըռնանք կռուտիտներ հորինենք», - Կոստանյանին այս ձևակերպումներով էին պատասխանել գյումրեցիները:

Գյումրեցիների՝ ժամեր շարունակ հնչած միահամուռ պահանջներից հետո, անգամ Կոստանյանից ուղղությամբ նետած առարկաների տարափի տակ, ի վերջո գլխավոր դատախազը խոստացավ, որ կդիմի իր ռուս պաշտոնակցին՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով:

Գևորգ Կոստանյանի՝ առայժմ անհետևանք և գաղտնի նամակը

Թեեև քաղաքացիները պահանջել էին, որ Կոստանյանը ռուսաստանցի իր գործընկերոջը դիմի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու խնդրանքով, փետրվարի 4-ին դատախազությունը հայտարարեց, թե Կոստանյանը դիմել է Ռուսաստանի դատախազությանը՝ քրեական գործի վարույթը հայկական կողմին տրամադրելու խնդրանքով: Արդեն 17 օր է՝ այդ նամակից տեղեկություն չկա: Հանրության շրջանում կասկածներ կան, թե իրո՞ք այդ նամակը գրել է Կոստանյանը:

Իրավապաշտպանները համոզված պնդում են, որ այն, ինչ տեղի է ունենում Ավետիսյանների գործով, քաղաքական հարց է:

Հանցագործության հետքերով

Այս իրավիճակում քաղաքացիները, իրավապաշտպաններն ու հանրության վստահությունը վայելող առանձին անհատները սկսեցին առաջ քաշել իրենց վարկածները՝ Պերմյակովին չհայտնաբերելու առնչությամբ:

Գյումրիի մեր թղթակից Սաթենիկ Կաղզվանցյանը Գյումրիի ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ գնացել է այն ճանապարհով, որով, ըստ առկա տվյալների, տեղաշարժվել է Պերմյակովը: Պարզվել էր, որ Ավետիսյանների տնից մինչև հայ-թուրքական սահմանի այն հատվածը, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվել է ռուս զինծառայողը, հեռավորությունը մոտ 20 կիլոմետր է:Ըստ Լևոն Բարսեղյանի՝ պատահական զուգադիպությամբ կամ միտումնավոր, Պերմյակովը մոտեցել է հայ-թուրքական սահմանի հենց այն հատվածին, որտեղ հսկողությունը համեմատաբար թույլ է․ այստեղ սահմանային փշալարը հատվում է Ախուրյան գետի հետ:

«Կամրջի հետ խառը մի հատված է, որտեղ այնքան ուշադիր հսկողություն չկա, որքան մյուս տեղերում է: Մոտավորապես երեք կիլոմետր հեռու է բուն պետական հայ-թուրքական սահմանից: Իմ տպավորությունն այն է, որ այդտեղ ինչ-որ մի գործողություն եղել է․ կա՛մ իսկապես այդտեղ ձերբակալել են, ինչպես պատմվում է, կա՛մ բեմադրվել է ձերբակալություն: Գիտենռուս զինվորականները, ուրիշ ոչ ոք ճշգրիտ չի կարողանա ասել, թե իսկապե՞ս փորձ է եղել, տագնապը աշխատե՞լ է փշալարերը կտրելուց, և ռուս սահմանապահները եկել հասել այդտեղ, որսացել են»:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունների հանգամանքները պարզելու վերաբերյալ իրավապահների խոստումների հետևանքները մինչև այժմ հայտնի չեն հանրությանը, փոխարենը կա Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջ հնչեցրած քաղաքացիների նկատմամբ իրավապահների հետապնդման արդյունքը:

Հաշվեհարդարի փորձ՝ սառնաղբյուրցի երիտասարդի դեմ

Գյումրիում հունվարի 15-ին բողոքի ակցիաներին մասնակցած 22-ամյա սառնաղբյուրցի քաղաքացին ձերբակալվեց խուլիգանության կասկածանքով: Նա չկալանավորվեց միայն սառնաղբյուրցիների հրապարակած վերջնաժամկետի պատճառով. փետրվարի 4-ին ձերբակալված Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանն ազատ արձակվեց՝ Գյումրիում նախատեսված բողոքի ցույցից րոպեներ առաջ: Բայց իրավապահները ամբողջությամբ տեղի չտվեցին: Գյումրիի սպանություններից ուղիղ մեկ ամիս անց 22-ամյա Մնացական Ալեքսանյանին մեղադրանք առաջադրվեց:

Անկախ այս հետապնդումներից, քաղաքացիները համոզված պնդում են, որ իրենց պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև ի վերջո Հայաստանի իրավապահները դիմեն անհրաժեշտ բոլոր քայլերի ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունների գործի բացահայտման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG