Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները շարունակում են պահանջել չվճարված աշխատավարձը


Նաիրիտցիները շարունակում են պահանջել չվճարված աշխատավարձը
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողները նորից հավաքվել էին Կառավարության շենքի առջև՝ գործադիրից որևէ պատասխան ստանալու հույսով։ Պահանջը նույնն է՝ 18-24 ամիսների չստացած աշխատավարձի վճարում։

«Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք ստացել են միայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ուղղված նամակի պատասխանը, որտեղ աշխատավարձի վճարման ժամանակացույց նշված չէ։ Նաիրիտցիները պահանջում են աշխատավարձի 15 միլիոն դոլար կազմող ողջ պարտքը վճարել վեց ամսվա ընթացքում։

«Ակնկալիքն այն է, որ մենք կստանանք աշխատավարձի պարտքի մարման ժամանակացույցը, որի համար և դիմել ենք: Ցանկալի է վեցամսյա կտրվածքով: Երկուշաբթի օրը այստեղ էինք եկել մեր նամակին ի պատասխան ստացած նամակի ոչ բավարար լինելու պատճառով, որը ուղարկվել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: Կառավարությունից մեզ ասել են, որ կպատասխանեն ուրբաթ օրը», - ասաց Անուշ Հարությունյանը:

Գործարանի աշխատողները Կառավարության շենքի մոտ շարունակ «պարտքի մարում» և «աշխատավարձ» էին վանկարկում, սակայն նրանց այդպես էլ ոչ ոք չընդունեց։

Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանն ասում է, որ իրենց կոնկրետ փաստաթուղթ է պետք, որում նշված կլինի, թե պարտքը երբ է մարվելու․ - «Պատասխան չտվեցին: Ես հասկանում եմ, որ պատասխանելու ռեալ բան չկա»:

Մի քանի ժամ սպասելուց հետո գործարանի աշխատողները երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր։

«Հինգը տարի ա գալիս ենք ստեղ, գնում են ընտեղ, գալիս ենք ստեղ: Ոչ մի պատասխան չկա: Դրել եմ մեզի լակոտի տեղ․․․ Ես ի՞նչ գործ ունեմ կառավարություն քննադատելու․ աշխատել եմ, իմ կապեկը տուր, գնամ տուն», - «Ազատության» հետ զրույցում վրդովված ասաց նաիրիտցիներից մեկը:

Նախագահի աշխատակազմում նաիրիտցիների ներկայացուցիչների խմբին ընդունեց նամակների բաժնի աշխատակիցը՝ խոստանալով նրանց պահանջները ներկայացնել աշխատակազմի ղեկավարին և Հանրապետության նախագահին։

Ցուցարարներին, սակայն, այս խոստումը չգոհացրեց։ Նրանք հայտարարեցին, որ ամենօրյա հանրահավաքների միջոցով այսուհետ ևս փորձելու են հասնել հարցի վերջնական լուծմանը:

Գործարանի աշխատակիցները նշում են, որ քիմիական արդյունաբերության երբեմնի հսկան կանգնած է կործանման եզրին։ 1700 աշխատող արդեն հեռացված է աշխատանքից։

Մինչ նաիրիտցիները չվճարված աշխատավարձն են պահանջում, Կառավարությունը Համաշխարհային բանկի հետ նոր նախաձեռնություն է սկսում՝ գործարանի վերագործարկման հնարավորությունները գնահատելու համար։ Երկու օր առաջ Համաշխարհային բանկը հայտարարեց, թե «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու նպատակով, պատրաստվում է գտնել համապատասխան խորհրդատվական ընկերություն և տրամադրել 110 հազար դոլար՝ աուդիտ իրականացնելու համար։ Հաղորդվում է, որ վերլուծությունները և հիմնական գնահատականները ի վերջո տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

«Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի համոզմամբ, սակայն, այս քայլը գործարանի առողջացման հետ ոչ մի առնչություն չունի․ - «Ես խորապես համոզված եմ, որ էդ 110 հազար դոլարը, էսպես կոչված աուդիտի փողը նույն տարբերակով կծախսվի, ինչպես որ գյուղատնտեսության համար նախատեսված աուդիտի․․․ Էն որ սովորեցնում են ծառ ջրել, կով կթել։ Էդպես 16 միլիոնի չափ ծախսեցին։ Ես հույս չունեմ, քանի դեռ Հայաստանը գտնվում է խորը բլոկադայի մեջ, խորը կառավարական ճգնաժամի մեջ, քանի դեռ Հայաստանը ընդհանրապես որևէ հումք չունի «Նաիրիտ»-ի համար նախատեսված: Եվ քանի որ «Նաիրիտ»-ի ժողովրդին ըստ էության հեռացրել են աշխատանքից, մասնագետներ էլ չկան, էդ ամեն ինչը խոսում է նրա մասին, որ սա միայն ձևականության համար անում են, ցույց տալու համար, որ ինչ-որ բան են անում: Էդ ինչ-որ բանն էլ կավարտվի նրանով, որ մարդիկ իրենց հասանելիք 10 հազար, 20 հազարը կստանան էդ աուդիտի մասնակիցները ու կհեռանան Հայաստանից»։

XS
SM
MD
LG