Մատչելիության հղումներ

Հանրապետականը նոր դիրքորոշում է մշակում ԲՀԿ-ի նկատմամբ


Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան

Հանրապետականում նոր դիրքորոշում է «եփվում» «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ, որը կհրապարակվի այսօր երեկոյան, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք կունենանք միասնական դիրքորոշում և այդ դիրքորոշումը ձեզ հայտնի կդառնա, առհասարակ ԲՀԿ-ի հետ կապված և առհասարակ ներքին քաղաքականության հետ կապված: Այդ դիրքորոշումը եփվում է և քննարկվում է և լինելու է, բնականաբար, կարծիքների ազատ արտահայտման հնարավորություն և կկայացվի որոշում»:

«Դուք կարող եք ենթադրել և վստահ լինել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության աչքից չի վրիպում ոչ մի երևույթ և հայտարարություն Հայաստանի ներքաղաքական կյանքում և բոլոր հրապարակային հայտարարությունները, ինչպես նաև վարչապետը շեշտեց՝ անվանական ուղղելով քննադատության և նախազգուշացման նետերը դեպի կոնկրետ քաղաքական գործիչների, բնականաբար, ոչ մի բան անպատասխան և անհետևանք չի մնում», - ասաց Արմեն Աշոտյանը:

Վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը էլ ավելի բացեց փակագծերը․ - «7.30 հավաքվելու ենք, որոշում կայացնենք»:

ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները նկատելիորեն սրվեցին, երբ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնությունից հետո «Բարգավաճ Հայաստանի» քաղխորհուրդը, կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով քաղաքական իշխանության վրա, հայտարարեց․ - «Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը չուշացավ, «շտապողական և կոպիտ սխալ» որակելով ԲՀԿ-ի հայտարարությունը՝ Աբրահամյանը զգուշացրեց․ եթե ԲՀԿ առաջնորդը չհետևի այդ «անպատասխանատու հայտարարություններին», ապա դրանցից բխող հնարավոր զարգացումների և սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա:

Հեռակա բանավեճը այսքանով չավարտվեց: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը մեղավոր է ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլև «երկրում տիրող անորոշության, անարդարության ձևավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի ու արտագաղթի համար»։

Իր հերթին՝ Հանրապետականն էլ ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության հենց հաջորդ օրը գործադիր մարմնի նիստ հրավիրեց՝ խոստանալով արդյունքները հրապարակել այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստից հետո և տալ «կարևոր հարցերի պատասխաններ»:

Լրագրողներից մեկն այսօր հարցրեց Արմեն Աշոտյանին, թե արդյոք Հանրապետականին կմտահոգի, եթե ԲՀԿ-ն պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը․ - «Ամեն մի քաղաքական ուժ, հատկապես այն քաղաքական ուժը, որ իրեն վերագրում է ինչ-որ դերակատարություն, պետք է կարողանա կարծիք հայտնել, այդ կարծիքին հետամուտ լինել, գործողություններ իրականացնել և պատասխանատվություն կրել: Այս շղթան է, որ բնութագրում է, թե որքանով է քաղաքական ուժը իրականումքաղաքական ուժ ոչ թե բիզնես պրոեկտ կամ հետաքրքրությունների ակումբ կամ ինչ-որ այլ՝ քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող մարդկանց հավաքածու»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի վերջին նիստից հետո տեղեկություններ են եղել այն մասին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտահոգ է եղել և խոստացել է զրուցել իր խնամի Գագիկ Ծառուկյանի հետ, Աշոտյանն արձագանքեց․ - «Կա մի խումբ, որ ուզում է ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին սարքել ավելի մեծ քաղաքական գործոն, քան այդ գործոնը իրականում գոյություն ունի նմանատիպ հարցադրումներով, որոնք իրական օրակարգում չկան: Մի ստեղծեք արհեստական օրակարգ մեզ համար: Օրակարգ ստեղծողը երկրում մենք ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG