Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր պատասխանելով tert.am պարբերականի հարցին՝ հայտարարել է, որ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը համարում է շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է:
«Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Ընդգծելով, որ Հանրապետականն արդեն իսկ խստորեն դատապարտել է կատարված բռնությունը՝ Աբրահամյանը նշել է․ - «Մենք դատապարտել ու դատապարտելու ենք հարցերը բռունցքով լուծելու ցանկացած փորձ: Սա միանշանակ է, և սրա վերաբերյալ ցանկացած շահարկում անձամբ ես համարում եմ քաղաքական թուլամորթություն, ում կողմից էլ որ այն արվի»:
Վարչապետը նաև նշել է, որ ակնկալում է իրավապահների արդյունավետ ու համակողմանի աշխատանք․ - «Ով էլ լինի միջադեպի պատվիրատուն կամ կազմակերպիչը, պետք է բացահայտվի և պատասխան տա օրենքի առաջ»:
Ըստ tert.am-ի