Մատչելիության հղումներ

ԼՂ-ն չի հստակեցնում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիների հարցը


Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դատարանում, արխիվ
Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դատարանում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հստակեցում չի մտցնում Ղարաբաղում քրեական պատասխանատվության ենթարկված երկու ադրբեջանցիների հնարավոր վերադարձի կամ փոխանակման հարցում:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի դեմս ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հերթական անգամ անդրադարձել է Ղարաբաղում Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի ազատազրկմանը: Ադրբեջանական Turan լրատվական գործակալության հետ զրույցում, Ուորլիքը, մասնավորապես, ասել է․ - «Մենք համապատասխան լիազոր անձանց կոչ ենք անում երկու բանտարկյալին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը: Մարդասիրական այդ քայլը կնպաստի կողմերի միջև վստահության ստեղծմանն ու լարվածության նվազեցմանը»:

Ուորլիքը մատնանշել է 2010 թվականին կնքված Աստրախանյան հռչակագիրը և նշել, որ դրանով կողմերը պայմանավորվել են վերադարձնել պատանդներին: Նշենք, որ 2010-ի հոկտեմբերի 27ին Աստրախանում ստորագրված փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են փոխանակել գերիներին և վերադարձնել սպանվածների մարմինները։ Մինչդեռ, պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ ադրբեջանցիներ Ասկերովի և Գուլիևի հարցը պետք է քննարկվի ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: ԼՂ իշխանություններն էլ, իրենց հերթին, կտրականապես հրաժարվում են Ասկերովին և Գուլիևին ռազմագերի ճանաչել: Ըստ ԼՂ գործող օրենսդրության՝ վերջիններս ապօրինի սահմանախախտներ են, լրտեսներ, դատարանն էլ նրանց մեղավոր է ճանաչել սպանություն կատարելու մեջ:

Ի պատասխան Ուորլիքի այսօր հնչեցրած կոչին՝ Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից ԼՂ տարածքում կատարված մի շարք ծանր հանցագործություններ մասին և հավելել՝ տեղի է ունեցել դատավարություն, նրանց մեղքը հաստատվել է, վերոհիշյալ անձինք դատապարտվել են՝ Ասկերովը ՝ ցմահ, Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությանն ուղղված «Ազատության» այն հարցին, թե ո՞ր դեպքում է հնարավոր ադրբեջանցի դատապարտյալների հանձնումն ադրբեջանական կողմին, Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Անի Սարգսյանը գրավոր պատասխանում միայն նշեց, որ ԼՂ իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ստանձնած պարտավորություններին՝ այն է ապահովելու թափանցիկ և արդար դատավարություն, և այդ ուղղությամբ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։

XS
SM
MD
LG